Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում

Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԹուրքական Turkish Airlines ավիաընկերության` Թեհրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը Անկարայում արտակարգ վայրէջք է կատարել ուղևորներից մեկի` կորոնավիրուսով հնարավոր վարակման պատճառով, հայտնում է Habertürk լրատվականը:

Տեղեկությունների համաձայն` ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի առողջապահության նախարարի խնդրանքով: Ինքնաթիռում 132 մարդ է եղել, որոնց հետազոտում են բժիշկները: Ուղևորներից 12-ը բարձր ջերմություն ունի, ևս 17 հոգու կասկածում են այլ ախտանշանների հիման վրա:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Covid-19 տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը շարունակվում է արագորեն տարածվել մի շարք երկրներում: ԱՀԿ ղեկավարի խոսքով` առավել անհանգստացնող են վերջին օրերին Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում գրանցված դեպքերը: Այնուամենայնիվ ամենաշատ դեպքերը գրանցվել են համաճարակի օջախ դարձած Չինաստանում, որտեղ գրանցվել է վարակի 77 000 դեպք, որից` 2600-ը մահվան ելքով:

Չինաստանի սահմաններից դուրս 30 երկրում հաստատվել է վարակման 1200 դեպք, որից 20-ը` մահվան ելքով: Covid-19 կորոնավիրուսից մահացության տոկոսը տատանվում է 1-2-ի միջև` չնայած ԱՀԿ-ն զգուշացնում է, որ այս տվյալների մասին ամենայն վստահությամբ չի կարելի խոսել:

Երկուշաբթի օրը վարակման առաջին դեպքեր են գրանցվել նաև Աֆղանստանում, Քուվեյթում, Օմանում և Բահրեյնում, որտեղ վարակակիրները ժամանել են Իրանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում