Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի

Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, News.amԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին լավ է ճանաչում, եւ գիտի, որ Սարգսյանը չի կարող տալ ցուցում, որ այս կամ այն ընկերությունը շահի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բաբլոյանը։

«Այս գործին լավ ծանոթ չեմ, չեմ կարող ասել՝ գործի որ մասն է շինծու, որ մասը՝ ոչ։ Այն մասը, որ Սերժ Սարգսյանին ներգրավվել են այս գործի մեջ, գտնում եմ, որ, այո, քաղաքական ենթատեքստ ունի։ Շատ լավ ճանաչում եմ Սերժ Սարգսյանին, ու գիտեմ՝ նա չի կարող միջամտել եւ տալ ինչ-որ մի ցուցում, որ այս կամ այն ընկերությունը շահի։ Իրեն ճանաչելով ես չեմ հավատում, որ կարող է պատահի՝ ինքը ինչ-որ հատուկ ցուցում տա՝ էսպես կամ էնպես անեն»։

Հարցին՝ քաղաքական ենթատեքստի նպատակը ո՞րն է, Բաբլոյան ասաց. «Ես չեմ էլ կարող պատկերացնել՝ այդ նպատակները ինչի հիման վրա են կառուցված»։

Հարցին՝ արդյոք ինքը սպասո՞ւմ էր Սերգո Կարապետյանի կողմից ցուցմունք Սերժ Սարգսյանի դեմ, Բաբլոյանն ասաց. «Չեմ սիրում մարդկանց մասին խոսել, բայց մարդիկ տարբեր են։ Կարող եմ միայն իմ ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի մասին խոսել, որին հավատում եմ ու ինքը շատ շիտակ է։ Միշտ համաձայն եմ եղել, որ բիզնեսն արդար լինի, պայմաններն էլ՝ հավասար։ Եթե կա խախտում այս կամ այն գործառույթում, հարկավոր է հայտնաբերել եւ պատասխանատվության հրավիրել մեղավորներին։ Չեմ կարողանում պատկերացնել՝ ոնց կարող է երկրի նախագահն իրեն թւոյլ տա, զբաղվել այդպիսի հարցերով»։

Բաբլոյանը շեշտեց, որ եկել է իր ընկերոջն աջակցելու։

Նշենք, որ այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։

Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում