Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՂարաբաղյան կարգավորման վերաբերյալ իշխանության հայտարարություններում դետալացման պակասը կամ բացակայությունը բերում է սխալների, որոնք ուղղակիորեն ունենում են ձնագնդի էֆեկտ և ավելի են դժվարացնում մեր դիրքերը բանակցային գործընթացում: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Ի տարբերություն Մյունխենյան քննարկման, որն ընթանում էր ուղիղ եթերում, հրապարկված սկզբունքների դեպքում կար հնարավորություն ԱԳՆ-ի հետ դրանք քննարկելու նախապես, այլ ոչ թե արձագանքների հիման վրա», – նշում է վերլուծաբանը՝ անդրադառնալով վարչապետի կողմից հրապարակված Մյունխենյան սկզբունքներին:

Կարեն Բեքարյանն սկզբունքների մեջ առավել խնդրահարույց է համարում երրորդ կետը. «չկան տարածքներ, կա անվտանգություն, Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»:

«Չկան տարածքներ՝ լավ, բայց առաջին հերթին և ամենակարևորը՝ կա ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման խնդիր, որը որևէ մեկի քմահաճույքով չէ, որ պետք է տեղի ունենա», – ընդգծում է վերլուծաբանը:

«Եթե մենք սա պատկերացնում ենք և գերակայութունները դասակարգում ենք այնպես, ինչպես դրանք պետք է լինեն՝ առաջին հերթին իրավունքի իրացումը, դրա միանշանակ ճանաչումն ու ընդունումը, ապա հետո միայն դրանից բխող ցանկացած այլ հարց, մենք կունենայինք Մյունխենյան այդ սկզբունքի ավելի կոռեկտ և ամբողջական ձևակերպում», – նշում է նա:

Կարեն Բեքարյանի կարծիքով՝ որպես նման ձևակերպման օրինակ կարող էր լինել հետևյալ ձևակերպումը. «Արցախի և Ադրբեջանի սահմաններին առնչվող հարցերը կարող են քննարկման առարկա լինել Արցախի և Ադրբեջանի միջև՝ Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ճանաչելուց և միջազգայնորեն երաշխավորված անվտանգության մեխանիզմների լիարժեք ներդրումից հետո միայն»:

Անդրադառնալով միկրո և մինի հեղափոխությունների վերաբերյալ վարչապետի հրապարակած սկզբունքին՝ վերլուծաբանն ընդգծում է. «Այստեղ մենք գործ ունենք բանակցային գործընթացի շատ էական նրբության և դետալների հետ»:

«Այս սկզբունքը պետք է մանրամասնվի, քանի որ այս միկրո և մինի հեղափոխությունները ստեղծում են տպավորություն, որ Ադրբեջանին հնարավորություն է տրվում ավելի ամուր ձևով պնդել կարգավորման իր փուլային տարբերակի վրա», – նշում է Բեքարյանը՝ ընդգծելով, որ եթե այլ բան ի նկատի ունենք, պետք է ընկալելի լինի կամ առնվազն փուլային տարբերակը բացառելով պետք է ասվի, որպեսզի չստեղծվի տարընթերցման հնարավորություն:

Հաղորդման եթերում Կարեն Բեքարյանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «ժողովրդավարությունը այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը»:

«Շատ ճիշտ դիտարկում և արձանագրում է, բայց մի էական բայցով: Մենք ունենք գործընթաց դատական իշխանության և սահմանադրական դատարանի հետ կապված, որը որևէ կապ չունի ժողովրդավարության դասական նորմերի հետ: Եթե վարչապետի ասածին դա գումարենք, ապա պետք է ամրագրենք՝ իշխանություններն իրենք տորպեդահարում են մեր անվտանգության երաշխիքներից մեկը», – նշում է վերլուծաբանը՝ հավելելով, որ Արցախում սպասվող ընտրությունների հետ կապված իշխանության գործողություները և հայտարարությունները ևս խախտում է ժողովրդավարությանը նպաստող երաշխիքների դաշտը, դրանք նաև հարված են Արցախի սուբյեկտայնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում