Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել

Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, AntiFake.amԵրևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Քաղաքապետի կարգադրություններ» բաժնից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և վարչական շրջանի ղեկավարներին հատկացվել է ընդհանուր 24.8 միլիոն դրամ պարգևավճար որպես խրախուսանք բարեխիղճ աշխատանքի համար և ևս 600.000 դրամ պարգևավճար Ամանորի միջացառումների պատշաճ կազմակերպման համար։ Այսպես.

1. Երևանի քաղաքապետի՝ հունվարի 15-ի 4-Ա կարգադրությամբ պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարները։

Կարգադրության մեջ մասնավորապես նշվում է. «Աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելված հ.1-ի և հավելված հ.2-ի:»։

Հավելվածով 1-ով պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի 123 աշխատակիցներ, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, օգնականը, մամուլի քարտուղարը, գլխավոր ճարտարապետը, աշխատակազմի քարտուղարը և տեղակալները, բաժինների և վարչությունների պետերն ու տեղակալները՝ բոլորը 136.000 դրամի չափով։

Պարգևատրման ընդհանուր չափը կազմել է 16.728.000 դրամ։

Հավելված 2-ով պարգևատրվել են Երևանի 11 վարչական շրջանների ղեկավարները՝ բոլորը 136.000 դրամի չափով։

Պարգևատրման ընդհանուր չափը կազմել է 1.496.000 դրամ։

2. Երևանի քաղաքապետի՝ հունվարի 29-ի 29-Ա կարգադրությամբ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Կարգադրության մեջ մասնավորապես նշվում է. «2020թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Երևան քաղաքում անցկացված միջոցառումների կազմակերպման և համակարգման գործընթացների շրջանակներում աշխատանքների կատարումը պատշաճ ապահովելու, ծառայողական պարտավորությունները բարեխղճորեն կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանին պարգևատրել 600.000 դրամի չափով Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»:

3. Երևանի քաղաքապետի՝ փետրվարի 1-ի 55-Ա կարգադրությամբ պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։

Կարգադրության մեջ մասնավորապես նշվում է. «Աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ.-ի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելվածի:»։

Հավելվածով պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի 22 աշխատակիցներ, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները, գլխավոր ճարտարապետը, աշխատակազմի քարտուղարը՝ յուրաքանչյուրը 480.000 դրամի չափով և վարչության պետերն ու Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալը՝ յուրաքանչյուրը 265.000 դրամի չափով։

Պարգևատրման ընդհանուր չափը կազմել է 6.590.000 դրամ։

Նշենք, որ այս կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները պարգևատրվել են հունվար ամսին աշխատած 17 աշխատանքային օրերի համար։

Այսպիսով՝ Երևանի քաղաքապետի 3 կարգադրություններով տարեսկզբին Երևան քաղաքի 2020թ.-ի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին հատկացվել է 25.414.000 դրամ պարգևավճար։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում 2019 թվականին հատկացված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 1.7 միլիարդ դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում