Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճը ո՛չ կողմերից որևէ մեկի, ո՛չ բանակցությունների շահերից չէր բխում. Կիրո Մանոյան (տեսանյութ)

Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճը ո՛չ կողմերից որևէ մեկի, ո՛չ բանակցությունների շահերից չէր բխում. Կիրո Մանոյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԱնցյալում էլ, երբ մարդիկ խոստանում էին գումարներ, միշտ չէ, որ խոստացված գումարները կարողանում էինք հավաքել, ֆինանսական խնդիր միշտ ունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայ Դատը ֆինանսական խնդիրներ ունի՞, կա՞ն մեծահարուստներն են, որոնք նախկինում ֆինանսավորել են, իսկ այժմ ներկայիս իշխանությունների հորդորով այլևս չեն ֆինանսավորում:

«Օրինակ՝ տարբեր ժամանակներում եղել են դրամական խոստումներ, հաջողել ենք Հայաստանից կամ այլ վայրերից խոստացած գումարների կեսը կամ 60 տոկոսը գոյացնել: Այնպես չէ, որ աշխատելու հնարավորություն չունենք, բայց եթե ավելի շատ գումար լինի, ավելի շատ աշխատանք կարող ենք անել»,- ասաց նա:

Կիրո Մանոյանի խոսքով՝ երբ հրապարակեն հանգանակության ցուցակը, պարզ կդառնա, որ գումար խոստացածների քանակը Հայաստանից նախորդ անգամվա համեմատ պակասել է: Իսկ թե ինչով է դա պայմանավորված, նա ասաց, որ դա հատուկ որևէ բանի հետ չեն կապում, բայց փաստն այն է, որ մարդիկ կային, գալիս էին, խոստանում էին, հիմա չեն գալիս ու չեն խոստանում:

Դիտարկմանը՝ գուցե իրենց աշխատանքից են դժգոհ, Մանոյանն ասաց. «Գուցե դժգոհ են, չի բացառվում, գուցե իրենց վիճակը լավ չէ, հարկեր են վճարել, գուցե քաղաքական ճնշում կա և չեն ուզում Դաշնակցության հետ առնչվել, այդ բոլորն էլ հնարավոր է»:

Անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավեճին և վարչապետի հասցեին արված քննադատություններին, բանախոսն ասաց, որ չի կիսում այն մոտեցումը, որ նման հրապարակային բանավեճի ժամանակ ասում են՝ սա ասաց, սա չասաց: «Դա բանակցություն չէ, դա ընդամենը սահմանափակ ժամանակով, սահմանափակ հնարավորություններով բանավեճ է. թե բանավեճն ինչ տվեց, դա ուրիշ հարց է: Բանավեճը կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում, ոչ էլ բանակցությունների շահերից էր բխում, այն պարզապես կազմակերպիչների շահերից էր բխում: Կազմակերպիչները հաջողեցին կողմերից երկուսի ղեկավարներին հրապարակավ բանավեճի հանել, այդքանը: Բայց ասել, որ սա ասաց մեր վարչապետը, այն չասաց մեր վարչապետը, դա չէ չափանիշը որոշելու՝ այս իշխանությունների քաղաքականությունն ինչ է»,– ընդգծեց նա:

Նա նշեց, որ ԱԳ նախարարը Բրատիսլավայում Հայաստանի կողմից որոշ գծերն էր հստակեցրել, ինչը մեղացվեց վարչապետի կողմից: «Փաստն այն է, որ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է, մնում է դրա միջազգային ճանաչումն ապահովել: Այսինքն, միջազգային հանրությունը նոր հնարավորություն է ուզում տալ, թող տա, բայց մենք պետք է անընդհատ հիշեցնենք, որ Արցախի ժողովուրդը երեք անգամ իր կամքը արտահայտել է և Ադրբեջանի մաս չկազմելն է այդ կամքը, ի վերջո՝ Հայաստանին միանալը: Լավ է, որ վարչապետը նշեց՝ ինչպես Ադրբեջանն է անկախացել, այդպես էլ Արցախը, բայց դա մեզ ամբողջությամբ չի բավարարում»,- ասաց նա և ընդգծեց՝ պետք է Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքներ տարվեն:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում