Վատիկանում Ադրբեջանի իշխանությունները պայքարում են հայ ժողովրդի իմունիտետի դեմ

Վատիկանում Ադրբեջանի իշխանությունները պայքարում են հայ ժողովրդի իմունիտետի դեմ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՀռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից Ադրբեջանի նախագահին և նրա տիկնոջը ցուցաբերած ջերմ ընդունելությունը, ինչպես նաև Մեհրիբան Ալիևային Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով պարգևատրելու փաստը ՀՀ իշխանությունների կողմից «բարեհաջող» անտեսվեց։ Երկու օր համբերատար սպասեցի՝ հուսալով, որ այդ առիթով ցանցում հայտնվող նյութերը, հնարավոր է, ազդեն հպարտների իշխանության արժանապատվության վրա։ Ապարդյուն։ Այդ մարդիկ չունեն արժանապատվություն։ Ոչ անձնական, ոչ էլ, առավել ևս, պետական։ Եվ դա պետության վախճանն է։

Բայց կողմ դնենք դեռ մեր «հպարտներին»։ Մտածե՞լ եք արդյոք, թե ինչու է Ալիևների դինաստաիան այդքան ջանք ու գումար ներդնում Վատիկանի բարեհաճությանն արժանանալու համար։ Մուսուլման երկրի ղեկավարներ, որոնք զբաղված են քրիստոնեական հուշարձաններ վերանորոգելով, եկեղեցի ֆինանսավորելով… Եթե կարծում եք, որ պատճառը տոլերանտ երևալու նրանց ցանկությունն է, սխալվում եք։ Վստահեցնում եմ, այդ շոուի համար նրանք այլ հարթակներ ունեն։ Այստեղ երկու՝ Ալիևի համար շատ ավելի կարևոր պատճառներ կան։

Նախ, Ադրբեջանի իշխանությունները Վատիկանում պայքարում են հայ ժողովրդի իմունիտետի դեմ։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով «Վատիկանի նկուղներում» Միքայել Մինասյանին է փնտրում, Ալիևը գիտի, թե իրական ինչ թիրախներ ունի ինքը Վատիկանում և թե ինչ վնաս կարող է հասցնել հայկական գործոնին ողջ աշխարհում, եթե կարողանա չեզոքացնել նույն Միքայել Մինասյանի ձեռքբերումները Կաթոլիկ եկեղեցում։ Որովհետև Ալիևի ու Էրդողանի ականջներում դեռ զրնգում են 2015թ. Սուրբ Պետրոսի տաճարում հնչած շարականներն ու առ Սուրբ Գրիգոր Նարեկացի առաքված քրիստոնեական աշխարհի աղոթքները։ Որովհետև Ալիևն ու Էրդողանը չեն կարող մոռանալ Սրբազան Քահանայապետի՝ Հայաստանում հնչեցրած այն մտքերը, որոնք քաղաքակրթությունից ու ժամանակակից արժեքներից հազարավոր կիլոմետրեր հեռու շպրտեցին թուրքերի եղեռնագործ առաջնորդներին՝ միաժամանակ այնքան վեր բարձրացնելով հայկական ամեն ինչը, որ անգամ ինքներս մեզ սկսեցինք այլ աչքով նայել։ Կարծում եք մոռացե՞լ են այդ ամենը ալիևներն ու էրդողանները։ Վստահաբար ոչ։ Այդ ձայները նրանց սերունդների ականջում էլ են հնչելու։ Եվ ահա դրա համար է, որ այդքան փորձում են սիրաշահել Հռոմի Պապին։ Դրա համար է, որ գնում են նույն այն պարգևը, որին արժանացել է Վատիկանում հայկական շահը լավագույնս ներկայացրած դեսպան Մինասյանը։ Որովհետև Ալիևը հասկանում է ինչի և ում հետ գործ ունի, իսկ Փաշինյանը՝ ոչ։ Որովհետև ի դեմս Միքայել Մինասյանի Ալիևը տեսնում է հայկական շահի քարոզչի ու պաշտպանի, իսկ Փաշինյանը՝ իր կողմից մերժված Սերժ Սարգսյանի փեսայի…

Երկրորդ պատճառը, որ ստիպում է թուրքական պետությունների ղեկավարներին գնալ դեպի Վատիկան, Մերձավոր Արևելքում, ինչու՞ ոչ՝ նաև մեր տարածաշրջանում, կիսատ թողած գործերն ավարտելն է։ Ալիևն ու Էրդողանը գիտեն, որ առանց բարեպաշտության դիմակի չենք կարող դա անել։ Դրա համար էլ գնում և համբուրում են այն ձեռքը, որը չեն կարող կտրել։ Խաբում են, սիրաշահում և, ի վերջո, հաջողության հասնում։ Գիտե՞ք ինչու։ Արդեն ասել եմ՝ որովհետև ՀՀ իշխանությունները չունեն ո՛չ մարդկային, ո՛չ ազգային և ո՛չ էլ պետական արժանապատվություն։ Ամեն ինչ ակնհայտ է։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում