Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար

Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Antifake.amAntifake.am–ը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովում տարվա սկզբին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ փետրվարի 4-ի Կ-14-Ա և Կ-15-Ա կարգադրություններով պարգևավճարներ են բաժանվել աշխատավարձի 100 և 30 տոկոսի չափերով։

Պարգևավճարները հատկացվել էին որպես խրախուսանք հունվար ամսվա 17 աշխատանքային օրերի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակիցների կատարած աշխատանքի համար։

Կարգադրությունները հրապարակվել էին փետրվարի 6-ին, իսկ հավելվածները հրապարակված չէին պաշտոնական կայքում, ուստի հնարավոր չէր պարզել, թե որ պաշտոնյաներն են պարգևատրվել։

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Ազգային ժողովի աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել վերը նշված 2 կարգադրություններով պարգևատրումների ընդհանուր չափն ու հավելվածները, որոնք պետք է հրապարակվեին կարգադրության հետ, սակայն չէին հրապարակվել։

Ազգային ժողովի աշխատակազմը ի պատասխան հայտնել է.

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ 04.02.2020թ. Կ-14-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 113.237.560 ՀՀ դրամ, իսկ Կ-15-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը՝ 60.540.423 ՀՀ դրամ»։

ԱԺ աշխատակազմը մերժել է տրամադրել հավելվածները՝ հղում կատարելով աշխատողների անձնական տվյալների պաշտպանությանը։

Այսպիսով՝ հունվար ամսվա 17 աշխատանքային օրերի համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 173.777.983 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է շուրջ 362.000 դոլարին։

Հիշեցնենք, որ միայն դեկտեմբեր ամսին Ազգային ժողովում 4 անգամ պարգևավճարներ էին բաժանվել. Արարատ Միրզոյանը պարգևատրվել էր 3 մլն դրամի չափով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում