Ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը Հանրայինի եթերում

Ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը Հանրայինի եթերում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookՍիրելի բարեկամներ

Հուսով եմ, հրաշալի եք անցկացրել տոները, հանգստացել եք հոգով և մարմնով, կիսվել ջերմությամբ ձեր հարազատների և ընկերների հետ։ Այս շաբաթ շատերս սկսում ենք վերադառնալ մեր հիմնական գործերին, և ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ նոր էջը ֆեյսբուքում։

Այս էջը ստեղծվել է՝ ներկայացնելու ձեզ իմ հանրային գործունեությունը, գաղափարները և նախաձեռնությունները, և դրանք ձեր հետ անմիջականորեն քննարկելու, ձեր հետադարձ կապը ստանալու և ըստ այդմ էլ հնարավոր քայլերը և գործողությունները ճշգրտելու նպատակով։

Վերջին 10 տարիների ընթացքում, հանրային գործունեությունը իմ կյանքի կարևոր մասն է դարձել։ Մեր երկիրը, անկախություն ձեռք բերելուց ի վեր, բախվել է և շարունակում է բախվել կենսական մարտահրավերների, և մեզնից յուրաքանչյուրն իր ուժերի չափով պետք է աջակցի երկրին` հաղթահարելու այդ մարտահրավերները, և միասնաբար գնալու վերընթացի ճանապարհով՝ դեպի զարգացած, անվտանգ ու կենսունակ ազգային պետություն։

Այդ տրամաբանությամբ, մինչ այժմ ես փորձել եմ իմ ջանքերը դնել այնտեղ, որտեղ դրանք առավելագույն օգուտ են տվել՝ որպես Այբ ակումբի անդամ, օժանդակել եմ ժամանակակից ազգային դպրոցական կրթության զարգացմանը, որպես Վերադարձ Հայաստան հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձու, աջակցել եմ հայրենադարձությանը և հայրենադարձներին, որպես Հայաստանի Ազգային Մրցունակության հիմնադրամի հոգաբարձու՝ նպաստել եմ տուրիզմի և արտահանող բարձրակարգ արդյունաբերության զարգացմանը, և վերջապես որպես ԱրԱր հիմնադրամի համահիմնադիր և խորհրդի նախագահ՝ հետևողական աշխատել եմ՝ բարձրացնելու զինծառայողների անվտանգությունը, և ամրապնդելու բանակի և հասարակության միջև գործնական կապերն ու հարաբերությունները։ Այս տարիներին շատ բան է ստացվել, բազմաթիվ նոր մտահղացումներ հիմա էլ ընթացքի մեջ են, և այս գործունեությունը հնարավորություն է տվել ծանոթանալ և համագործակցել բազմաթիվ հրաշալի մարդկանց հետ, որոնք նույն հավատով իրենց սրտում, իրենց ամենօրյա գործով ու նվիրումով, կերտում են մեր երազած երկիրը։

Այս գործունեության ծավալները ընդլայնվել և հասել են այն կետին, որից հետո արդեն անհրաժեշտ էր հանրության հետ շփման նոր ձևաչափ առաջարկել։ Անցյալ տարվա ընթացքում, երկրում ծավալվող հեղափոխությանը զուգընթաց, մեր հանրային գործունեությունը բերեց այն գիտակցության, որ հաջորդ տրամաբանական քայլը քաղաքական ուժի ստեղծումն է, որը կկիսի մեր աշխարհահայցքը և գաղափարախոսությունը, միաժամանակ կկարողանա ստեղծագործաբար զարգացնել և մասսայականացնել այն, և դարձնել բոլորի սեփականությունը։ Սա, իր հերթին, ենթադրում է հաղորդակցության նոր որակ և մասշտաբ, և այդ նպատակով է ստեղծվում այս էջը՝ այն ունի շատ ավելի ընդարձակ տեխնոլոգիական հնարավորություններ, քան Ֆեյսբուքի անձնական էջերը, և մարդկանց հասնելու մեծ շառավիղ։

Այսուհետև իմ հանրային գործունեության հետ կապված ամբողջ հաղորդակցությունը կտեղափոխվի այս էջի վրա։ Շնորհակալություն հայտնելով բոլոր ընկերներիս և իմ գործունեությանը հետևողներին մինչ այժմ տեղի ունեցած բազմաթիվ հետաքրքիր քննարկումների, գաղափարների, և շահագռգիր արձագանքների համար, հույս եմ հայտնում, որ դուք նույն հետաքրքրությամբ կարծագանքեք այս էջի վրա հայտնվող հաղորդակցությանը, և այն ձեր համար կդառնա արդիական քննարկումների և գաղափարների փոխանակման հարթակ։ Այսքանով, բոլորիդ ցանկանում եմ աշխատանքային տարվա հաջող սկիզբ, և բազմաթիվ հաջողություններ այս տարում։

Հ․Գ․ Այս նկարը արվել է 2008 թվականի ամռանը, Արարատ լեռան գագաթին։ Այնտեղ եմ ես ստացել կյանքիս կարևորագույն ներշնչանքը, այդ ոգով շարունակել եմ մինչ այժմ, ու խոստանում եմ ձեզ շարունակել։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում