Իրանում խորհրդարանական ընտրություններ են, մասնակցում են նաև հայ թեկնածուներ

Իրանում խորհրդարանական ընտրություններ են, մասնակցում են նաև հայ թեկնածուներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Այսօր` փետրվարի 21-ի առավոտյան, Իրանում սկսվել են խորհրդարանական ընտրություններ, ընտրատեղամասեր են բացվել ամբողջ երկրի տարածքում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանի ներքին գործերի նախարարությանը:

Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով` 08:30-ին):

Ընտրություններն անցկացվում են ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումների ժամանակահատվածում և կորոշեն, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանը. ռեֆորմիստնե՞րը, որոնք համարվում են նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցները և ներկայում մեծամասնություն են կազմում խորհրդարանում, թե՞ պահպանողականները, որոնք կառավարության քաղաքականության հակառակորդներն են: Ըստ փորձագետների` ավելի մեծ շանսեր ունեն վերջինները:

290 պատգամավորական տեղի համար կպայքարի ավելի քան 7000 թեկնածու, որոնց թեկնածությունները հաստատել է Սահմանադրության հսկողության խորհուրդը:

Սկզբնական փուլում թեկնածություն էին առաջադրել ավելի քան 15 000 անձ, որոնց մի մասը հանել է իր թեկնածությունը, մի մասի թեկնածությունն էլ չի հաստատել Սահմանադրության հսկողության խորհուրդը, արդյունքում թեկնածուների թիվը կրճատվել է ավելի քան կեսով:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երկրի քաղաքացիներն ընտրություն կկատարեն 7148 թեկնածուների միջև, որոնց թվում մոտ 800-ը կին է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իրանի խորհրդարանական ընտրություններում պատգամավորական մանդատի համար պայքարում է 6 հայ թեկնածու:

Հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում է 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում են Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում