Այս պատմական օրը չեմ կարող չհիշել, թե ինչպես սկսվեց Արցախյան շարժումը անձամբ ինձ համար. Վիտալի Բալասանյան

Այս պատմական օրը չեմ կարող չհիշել, թե ինչպես սկսվեց Արցախյան շարժումը անձամբ ինձ համար. Վիտալի Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookՍիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր՝ փետրվարի 20-ին, լրանում է Արցախյան շարժման 32-րդ տարեդարձը:

1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը կայացրեց պատմական որոշում` դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին` նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով:

Հենց այդ օրը Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Ադրբեջանի կազմից:

Այս պատմական օրը չեմ կարող չհիշել, թե ինչպես սկսվեց Արցախյան շարժումը անձամբ ինձ համար:

1987 թվականի գարնան առաջին օրերն էին: Տարբեր տեղերից՝ ընդհատակից, ժամանակ առ ժամանակ լուրեր էինք ստանում՝ ինչ-որ շարժում սկսելու մասին: Անձամբ ինձ առաջին անգամ այդ մասին տեղեկացրեցին Հայաստանից Միքայել Դանիելյանը և Սուրեն Այվազյանը: Ապրիլին նրանք խմբով այցելեցին Ղարաբաղ: Մի քանի օր մնացին մեր տանը: Մենք միասին այցելեցինք պատմական վայրեր` Ամարաս, Գանձասար: Նրանք ինձ համար բերել էին շարժմանը վերաբերող գրականություն: Արդեն իսկ մի քանի օրից ես սկսեցի իմ ընկերներին գաղտնի պատմել այն ամենի մասին, ինչը լսել էի իմ հյուրերից և ինչն ընթերցել էի այդ գրքերում:

Կարճ ժամանակ անց Ղարաբաղյան շարժման մասնակիցների կողմից գաղտնի սկսվեց ստորագրահավաք, և մենք նույնպես ակտիվ մասնակցություն ունեցանք այդ գործընթացին:

Ինձ համար դա ազգային-ազատագրական պայքարի զարթոնքն էր:

Հետադարձ հայացք գցելով 1988-ի այս օրերին՝ իմ մեջ մեծ հպարտություն է արթնանում այն բանի համար, որ ես մասնակիցն էի այդ պայքարի: Բոլորս այդ օրերին մի մասնիկ էինք պայքարի՝ թեկուզ և փոքր, բայց կարևոր մասնիկ: Ղարաբաղյան շարժումը սկսվեց՝ կաթիլ առ կաթիլ համախմբելով հայ ժողովրդին, հետզհետե առվակներից վերածվելով օվկիանոսի:

Մեծ հպարտություն է, որ մեզ պարտադրված պատերազմի ժամանակ ես ղեկավարեցի Ասկերանի շրջանի պաշտպանությունը, և մենք արձանագրեցինք կարևոր հաղթանակներ:

Եվ մեզ պարտադրված պատերազմի արդյունքում մենք ձեռք բերեցինք մեր հայկական հայրենիքի պատմաիրավական տարածքների միայն ու միայն մի մասը:

Արցախյան շարժումը ազգային զարթոնք էր, որը հայ ժողովրդի համախբվածության և միասնականության շնորհիվ՝ ազատագրեց մեր Արցախը, հնարավորություն տվեց լռեցնել կրակակետերը և այսօր կառուցել ազատ և ժողովրդավար Արցախի Հանրապետություն:

Շնորհավոր Արցախի վերածննդի օրը:

Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու 

Հետևեք մեզ նաև Telegram-ում