Հալեպի օդանավակայանը պատերազմից ի վեր առաջին անգամ ուղևորատար ինքնաթիռ է ընդունել (տեսանյութ)

Հալեպի օդանավակայանը պատերազմից ի վեր առաջին անգամ ուղևորատար ինքնաթիռ է ընդունել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՍիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանը ութամյա ընդմիջումից հետո վերսկսել է աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Ահաբեկիչների հարձակումների պատճառով օդանավակայանը փակ էր 2012 թվականից: Տարբեր ժամանակահատվածներում այն շրջափակված է եղել, օդանավակայան հասնելը շատ դժվար էր: Միևնույն ժամանակ կառույցի աշխատակիցներն օդանավակայանը պահել են աշխատանքի վերսկսմանը պատրաստ վիճակում»,– գործակալությանը տեղեկացրել է օդանավակայանի տնօրեն Մուհամադ ալ-Մասրին:

Ութ տարվա ընթացքում առաջին ուղևորատար ինքնաթիռը Հալեպ է ժամանել երկրի մայրաքաղաք Դամասկոսից: Այս չվերթով Հալեպ է եկել 120 ուղևոր, այդ թվում՝ տրանսպորտի նախարար Ալի Համուդն ու զբոսաշրջության հարցերով նախարար Մուհամմադ Մարտինին:

Երկու քաղաքների միջև հեռավորությունը մոտ 370 կմ է: Մինչ սիրիական ճգնաժամի սկսվելը ինքնաթիռներն այդ տարածությունը հաղթահարում էին մոտ 50 րոպեում:

Տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն՝ մոտակա օրերին նախատեսվում է պարբերական թռիչքներ սկսել դեպի Դամասկոս և Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե:

Աղբյուրը նկատում է, որ օդանավակայանը վերաբացվել է սիրիական բանակի հաջողությունների շնորհիվ. կիրակի` փետրվարի 16-ին, 2012 թվականից սկսած առաջին անգամ սիրիացի զինվորականները իրենց հսկողության տակ են առել Հալեպի շուրջ գտնվող բոլոր բնակավայրերը` ապահովագրելով դրանք զինյալների պարբերական հրետակոծություններից:

Հալեպն ահաբեկիչներից մաքրվել էր 2016 թվականին, սակայն քաղաքի մերձակայքում հաստատված զինյալները պարբերաբար կրակի տակ էին պահում քաղաքի բնակելի թաղամասերը` սպանելով խաղաղ բնակիչներին և վնասելով շենքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում