Սահմանադրական դատարանը քննեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի մի քանի կետերի սահմանադրականության հարցը (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը քննեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի մի քանի կետերի սահմանադրականության հարցը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՍահմանադրական դատարանն այսօր հրավիրել էր հերթական նիստը, որին ներկա էին ՍԴ բոլոր դատավորները, բացառությամբ՝ Վահե Գրիգորյանի։ Նիստի օրակարգում ընդգրկված երկու հարցերն էլ վերաբերում էին ՀՀ ոստիկանության ծառայողին։

Առաջինով հարցով բարձրագույն դատարանը քննում էր «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ այնքանով, որքանով ոստիկանության ծառայողին արգելում է լինել կրոնական կազմակերպության անդամ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի դիմումը: Այս հարցը ՍԴ-ում քննվել էր գրավոր ընթացակարգով և նիստի սկզբում հրապարակվեց որոշումը, համաձայն որի՝ համապատասխան դրույթը ճանաչեց հակասահմանադրական։

Օրակարգի մյուս հարցով՝ բանավոր ընթացակարգով, Սահմանադրական դատարանը քննում էր Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որը վերաբերում էր ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորմանը:

Մասնավորապես, խոսքը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերության, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի մասին է:

Արման Թաթոյանի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց:

Պատասխանող կողմը՝ ԱԺ ներկայացուցիչը խնդրում է վիճարկվող դրույթները ճանաչել սահմանադրությանը համապատասխանող: Ըստ ԱԺ-ի՝ վիճարկվող դրույթները սահմանադրության հետ հակասության մեջ չեն մտնում, բայց դիմումով բարձրացված հարցերը, ընդհանուր առմամբ, ընդունելի են նաև ԱԺ-ի կողմից և օրենքներում բարեփոխումները կատարվում են:

ՍԴ գնաց դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու համար: Որոշումը կհրապարակվի առաջիկայում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում