Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՍահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց լուրը, որ ինքը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

«Պարոն Արարատ Միրզոյանն իմ լավագույն ուսանողներից մեկն է, ես հազարավոր ուսանողներ ունեմ պետական ապարատում: Արարատ Միրզոյանի հետ էլ եմ հանդիպել, շատ այլ մարդկանց հետ էլ եմ հանդիպել, դա նորմալ երևույթ է»,– ասաց նա, սակայն չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչ են քննարկել:

Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվեց, որ վաղ կենսաթոշակի անցնելու հարցն են քննարկել, նա բասական պատասխան տվեց:

Հարցին՝ արդյոք օգտվելո՞ւ է դրանից, նա պատասխանեց. «Մենք ժամանակ ունենք, ես դեռ կասեմ»:

Ի պատասխան հարցի, թե ժողովուրդը գնալու է տեղամասեր 7 դատավորի «այո» կամ «ոչ» ասելու, սա լարվածություն չի՞ առաջացնում ՍԴ-ում, նա պատասխանեց. «Ոչ: Լարվածության մասին չեմ կարող ասել, կարող եմ ասել, որ ՍԴ-ում ո՛չ Վահե Գրիգորյանի՝ հունիսից գալու ժամանակ, ո՛չ հիմա, ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա»:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ Վահե Գրիգորյանը նիստերին չի մասնակցում, բայց աշխատավարձ է ստանում, նա ասաց. «Դիմե՛ք նրան: Ես Վահեին գիտեմ 10 տարուց ավել, գնահատում եմ իր բարձր պրոֆեսիոնալիզմը՝ ճիշտ է ոչ այնքան սահմանադրական իրավունքի ոլորտում, այդուամենայնիվ, նա փաստաբան է: Ես իր հետ մի քանի անգամ հանդիպել եմ, այդ թվում՝ իր կաբինետում: Իմ խորհուրդը, որպես ավագ դատավոր, տվել եմ: Ես ձեզ մի փաստ արձանագրեմ՝ ՍԴ եմ եկել 1997 թվականին, ինչպես հասկանում եք՝ դա ո՛չ նախորդ ռեժիմի ժամանակ է, ո՛չ նախորդի նախորդ ռեժիմի, այլ նախորդի նախորդի նախորդ ռեժիմն է: Ես երբ եկել եմ ՍԴ, միակն էի, ով պապիկ չէր, այսօր ես դատարանում միակն եմ, ով պապիկ է, և այդ ավագի օրինակով էլ հորդորներս ասել եմ»:

Լրագրողներին հարցին՝ ինչու է ՍԴ-ն տարիներ շարունակ հաստատել կեղծված ընտրություններ, Թոխյանը պատասխանեց, որ ՍԴ դերակատարության մասին հատուկ մամուլի ասուլիս է տալու:

«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ՍԴ անդամը ո՛չ ընտրությունների կազմակերպողն է, ո՛չ վերահսկողն է, ուստի՝ կեղծելու հնարավորություն օբյեկտիվորեն իսպառ չունի։ Թե ինչի են մեզ ուզում քավության նոխազ դարձնել, իրենցից հարցրեք: ՍԴ այն բոլոր որոշումները, որ ստորագրել եմ վերջին 20 տարվա ընթացքում, այսօր էլ կստորագրեմ»,– ասաց նա:

Ֆելիքս Թոխյանն ընդգծեց, որ եթե որևէ մեկը մտքով կարող է անցկացնել, թե իրեն կարող են ճնշել, ուրեմն չեն ճանաչում իրեն: «Ես ցանկացածի հետ կշփվեմ, կգնամ կուտեմ, կխմեմ, կուրախանամ, դաս կտամ, բայց ճնշման բերաբերյալ երբևէ 23 տարվա ընթացքում ոչ ոք չի էլ փորձել»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում