Մյունխենյան համաժողովը մեր գահավիժման հերթական հանգրվանն էր. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՄյունխենյան համաժողովը մեր գահավիժման հերթական հանգրվանն էր: Փաշինյան-Ալիև քննարկմանը նման գնահատական է տվել վերլուծաբան Կարեն Բեքարյանը «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում:

«Վարչապետը որևէ առումով պատրաստված չէ: Նա խնդիրներ ունի աշխարհագրության հետ, պատմության հետ, բանակցային գործընթացի առանձին վերցրած դետալների իրողությունների հետ», – նշում է վերլուծաբանը՝ հավելելով, որ հետո, պաշտոնական հաղորդագրություններում ինչ-որ բաներ սրբագրած սեփական հանրությանը ներկայացնելով, խնդիրը չի լուծվում:

«Երբ վարչապետը չի հիշում Այազ Մութալիբովի հարցազրույցի լրատվամիջոցը, իսկ հետո պաշտոնական հաղորդագրության մեջ վարչապետի արած սխալը սրբագրվում է, ոչինչ չի փոխվում, քանի որ արդեն ստեղծել է տպավորություն: Երբ վարչապետը տեղյակ չէ Շահումյանի շրջանի կարգավիճակի մասին, նրա տրանսֆորմացիայի մասին և չիմանալով խոսում է, հետո ինչքան էլ սրբագրեք տեքստը, ոչինչ չի փոխվում», – նշում է Կարեն Բեքարյանը:

Սակայն խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: «Վարչապետի խոսքում ինքնորոշման իրավունքը, դրա իրացման անհրաժեշտությունը պատշաճ ձևով չհիշատակվեց. սկզբունք, որը մեզ համար ամենաէականն ու կարևորն է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի համատեքստում», – ընդգծում է Կարեն Բեքարյանը:

Վերլուծաբանը խնդրահարույց է համարում անընդհատ կարգավիճակից առանձնացված անվտանգության խնդրի բարձրաձայնումը: «Անվտանգություն ասվածը, դիմացինների կողմից եղած առաջարկներում պատվիրակելը որևէ մեկին՝ միջազգային հանրությանը կամ նույն Ադրբեջանին, չի կարող լուծման բերել հենց անվտանգության տեսանկյունից, եթե կարգավիճակի խնդիրը մեկընդմիշտ լուծված չէ», – նշում է Բեքարյանը:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության համատեքստում վարչապետի «միկրոհեղափոխություններին»՝ Կարեն Բեքարյանը նշում է. «Չկար պատկերացումը, որ իր սեփական PR-ի համար օգտագործվող միկրոհեղափոխությունների այդ թեզն իրականում ոչ այլ ինչ է, քան փուլային տարբերակի քողարկված քարոզ, տարբերակ, որի համար տասնամյակներ շարունակ պայքարել է Ադրբեջանը»:

Վերլուծաբանի խոսքով՝ վարչապետի կողմից հրապարակված «Մյունխենյան սկզբունքները» ցույց են տալիս, որ ոչ միայն դասեր չքաղվեցին այս խայտառակ ընթացքից, այլ ընդհակառակը:

«Երբ վարչապետը շարունակում է պնդել այդ հորինված և դրանով երջանկացած թեզը, որ պետք է լինի այնպիսի լուծում, որը բավարար՝ Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի հանրություններին այն դեպքում, երբ բացահայտ պատասխանում են դրան և ոչ առաջին անգամ, արդեն ինքնասիրության խնդիր կա՝ ընդ որում, ոչ թե անձի, այլ պետությունների՝ Հայաստանի և Արցախի համար», – նշում է Բեքարյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ ԱԳՆ-ն և ԱԳ նախարարն իրենց գործառույթը չեն իրականացնում, մենք չունենք հայեցակարգը, վարչապետը ունակ չէ պատրաստվելու և միջազգային հարթակ դուրս գալով՝ մեծացնում է մեր ռիսկերը և մարտահրավերները: «Այն բոլոր նրբությունները, որոնք պարտադիր են իմանալու և կիրառելու բանակցային ձևաչափում և նրանից, դուրս չեն իրականացվում: Մենք բանակցային դիրքերում, միջազգային հանրության ընկալումներում զիջում ենք մեր դիրքերը՝ բարիկադ առ բարիկադ, ձեռք բերված՝ արդյունք առ արդյունք: Դրանցից մեկին անդրադարձել ենք օրեր առաջ, այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» Կասպրշիկի կողմից լեգիտիմացնելու վերջին քայլի հետ կապված», – նշում է Կարեն Բեքարյանը:

Կարեն Բեքարյանը նաև հիշեցրեց, որ ֆեյսբուքյան գրառումով ԱԳ նախարարին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել, որպեսզի մեր հանրությանը պատկերը դառնա ավելի ամբողջական և իրական: «Պատասխան չունեմ: Սակայն ուզում եմ ասել, որ դա ինքնանպատակ չէ: Դա շանս է հանրային դիսկուրսով հասնելու այն ճշմարտություններին, որոնք չեն ֆիքսել ու չեն ֆիքսում և որի միջոցով հնարավոր կլինի հասկանալ՝ ուր ենք գնում», – եզրափակում է Կարեն Բեքարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում