Կարևորվել է Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը

Կարևորվել է Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպել է Չեխիայի իր գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ: ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, գործընկերները քննարկել են հայ-չեխական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով բազմաոլորտ համագործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը: Որպես թիրախային ուղղություններ ԱԳ նախարարներն առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, խելացի զարգացման և նորարարության ոլորտները՝ կարևորելով ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակման և համագործակցության ծրագրերի և միջոցառումների նախաձեռնումը: Նախարար Մնացականյանը Տոմաշ Պետրժիչեկին ներկայացրել է վերոնշյալ բնագավառներում Հայաստանի արձանագրած հաջողություններն՝ ի դեմս ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի:

Փոխադարձաբար կարևորվել է առևտրատնտեսական հարաբերությունների առկա ներուժի լիարժեք օգտագործումը: Այս առումով կողմերն առանձնացրել են Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես գործնական քայլ զբոսաշրջության, մարդկանց միջև շփումների և գործարար կապերի ակտիվացման ուղղությամբ:

Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը, վերջինիս իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկմանը: ԱԳ նախարարներն արժևորել են Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բազմաշերտ շփումների և ազգային մակարդակով ձեռքբերումները համախմբող ամուր հարթակ:

ԱԳ նախարար Մնացականյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ կառավարությունն ունի մեծ հանձնառություն ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում ապահովել բարեփոխումների շարունակականությունն՝ ի նպաստ շոշափելի արդյունքների արձանագրման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում