Մելիք-Շահնազարյան. Մեր ԱԳՆ-ի գործուն մասնակցությամբ բանակցություններում նվազեցվում է Արցախի իշխանության կարգավիճակը

Մելիք-Շահնազարյան. Մեր ԱԳՆ-ի գործուն մասնակցությամբ բանակցություններում նվազեցվում է Արցախի իշխանության կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amԱրցախի հիմնախնդրում չափազանց վտանգավոր պրոցեսներ են սկսվել: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Մեր աչքի առաջ մեր իսկ արտաքին գործերի նախարարության գործուն մասնակցությամբ բանակցություններում նվազեցվում, թուլացվում է Արցախի իշխանության կարգավիճակը, փոխարենն աճում է Ադրբեջանի՝ այսպես կոչված «ղարաբաղյան համայնքի» դերակատարումը»,- նշեց նա:

Հարցին՝ Ադրբեջանի «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպերչիկի հանդիպումը հայկական կողմի բացթողման արդյո՞ւնք էր, թե՞ այլ խնդիր կա, քաղաքագետը պատասխանեց. «Ցավոք սրտի, բացթողում չէր, դա արտահայտումն է այն քաղաքականությունը, որը վարել է հայկական կողմը վերջին մեկուկես-երկու տարում: Երբ Փաշինյանն ասում է, որ Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ, որպես վերջնանպատակ դա է ներկայացնում, չի տալիս դրա հիմնավորումները, Ադրբեջանն էլ օգտվում է առիթից ու սկսում է հակակաշիռ ստեղծել, արդյունքում վերադարձել ենք մի իրավիճակի, որն առկա էր 1992 թվականին: Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված էր՝ Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչները պետք է մասնակցեն խաղաղ գործընթացին: Պատկերացնում եք՝ ինչի մասին է խոսքը. ոչ թե Արցախի Հանրապետության իշխանությունները, այլ Արցախի ժողովորդի և զուգահեռ որպես Արցախի ժողովուրդ Ադրբեջանը միջազգային հանրությանն է ներկայացնում ղարաբաղյան համայնքը, որն արդեն հանդիպումներ է ունենում դեսպանների հետ, պայմանավորում են հաջորդ հանդիպումներն անցկացնել Արցախի տարածքում: Բոլոր այդ պայմանավորվածություններին ու հանդիպումներին մեր արտաքին գործերի նախարարը հստակ պատասխան չի տալիս, թույլ չի տալիս, որ այդ գործընթացը կասեցվի կամ ինչ-որ կերպ նվազեցվի դրա ազդեցությունը: Ճիշտ հակառակը՝ ինքն է նվազեցնում Արցախի ինքնուրույնությանը ոչ միայն բանակցություններում, նման հայտարարություներով հանդես գալով, նաև, օրինակ Արցախում սպասվող ընտրություններում բացահայտ կամակատար թեկնածուներին աջակցելով, առաջ քաշելով, նրանց իշխանություն բերելով: Նիկոլ Փաշինյանը ձգտում է տոտալ իշխանության Հայաստանում, Արցախում, նկատի ունեմ քաղաքական, իրավական: Անգամ հոգևոր իշխանության հետ կապված խնդիրներ ունի»:

Խոսելով բանակում տիրող իրավիճակի մասին, մասնավորապես գրանցված մահված դեպքերին, նա նշեց, որ ողբերգություն է այս տարում արդեն 10 զոհ ունենալը:

«Երբ որ երկրում բացիթողի վիճակ է, կա լուրջ մրցակցություն անգամ պաշտպանական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների միջև, որոնք փոխանակ զբաղվեն բանակի ներսում առկա խնդիրները բացահայտելով, միմյանց դեմ մամուլում նյութեր են պատվիրում, փորձում իրար սևացել, դա բերում է կոլապսի բոլոր բնագավառներում: Բանակը հասարակության հայելին է, այնտեղ դա շատ ցայտուն է երևում»,– ասաց քաղաքագետը:

Հարցին, թե շատերը բանակում տեղի ունեցող վիճակը կապում են նախկինների հետ, որոնք պարզապես ցանկանում են սաբոտաժ անել, նման մեղադրանքով հնարավո՞ր է խնդիրը լուծել, Հ.Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Դա ամենապարզ երեսպաշտությունն է բոլոր մեղադրանքները կապել նախկինների հետ, անգամ նախկինների երեխաներին զոհաբերել այս պահի դրությամբ առկա խնդիրները լուծելու համար:

Արդեն երկու տարի է Հայաստանում նոր իշխանություն է գործում, այս երկու տարում ամբողջությամբ վերաձևավորվել է պետական ապարտը, նշանակվել են նոր մարդիկ, նրանք են պատասխանատու այդ ամենի համար, պետք է այդ պատասխանատվությունն իրացնել: Այսօր իրենք են երկրի զարգացման պատասխատուները, այս իշխանությունն է զինվորների զորակոչում բանակ, այս իշխանություն է հրամանատարներ նշանակում զինված ուժերում և վերահսկողություն իրականացնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում