Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 14-ին նամակ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ այս մասին տեղեկացրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Մարդկության դեմ իրականացված հանցագործությունների դատապարտումը և ժխտողականության մերժումն այն ամուր երաշխիքն է, որով հնարավոր է կանխարգելել կրոնական և ազգային խտրականության պատճառով նոր ցեղասպանություններն ու ոճրագործությունները և կառուցել խաղաղ ու համերաշխ աշխարհ։

Սիրիայի ժողովուրդն այսօր վերահաստատեց ավելի քան 100 տարի առաջ իր նախնյաց հանձնառությունն ու վճռականությունը, ովքեր Հայոց ցեղասպանության դժնդակ տարիներին ապաստան տվեցին հայրենազրկված ու տարագրված մեր ազգի զավակներին։ Դեյր Զորի անապատում տասնամյակներ առաջ, Ձեր բարեհիշատակ հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի նախագահության շրջանում Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումը դարձավ հերթական արձանագրումը Հայոց ցեղասպանության հարցում Սիրիայի իշխանությունների որդեգրած կեցվածքի։ Ներկա ժամանակներում բազմիցս ականատեսն ենք եղել Ձեր և ձեր ժողովրդի ընդգծված բարեհոգությանն ու ուշադրությանն առ մեր ժողովուրդը, որոնց խոսուն արտահայտությունն են Սիրիայի հողի վրա վեր խոյացած հայկական սրբավայրերը, մշակութային և կրթական հաստատությունները, սիրիահայ համայնքի բարեշեն կյանքի բազմաթիվ վկայությունները», – ասված է Վեհափառ Հայրապետի նամակում։

Նորին Սրբությունը, զորակցություն հայտնելով Սիրիայի բարեպաշտ ժողովրդին, մաղթել է, որ երկրում հաստատվի բաղձալի խաղաղությունն ու անդորրը և իրականություն դառնան դժվարություններ հաղթահարող եղբայր ժողովրդի պայծառ կյանքի երազները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում