Կառավարության նիստում ընդունվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի մշակած նախագիծը

Կառավարության նիստում ընդունվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի մշակած նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Այսօր կառավարության նիստում ընդունվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի մշակած նախագիծը, որով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն ընդհանուր 103 միլիոն 725 հազար դրամի աջակցություն կստանան: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 3% շեմը հաղթահարել էին «Իմ քայլը» դաշինքը, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հայաստանի հանրապետական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները:

Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա ավելի քան 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9 միլիոն 150 հազար դրամ, ԼՀԿ-ն՝ 7 միլիոն 56 հազար դրամ, ՀՀԿ-ն՝ 5 միլիոն 208 հազար դրամ, իսկ ՀՅԴ-ն՝ 4 միլիոն 303 հազար դրամ:

«Անցել են այն ժամանակները, որ կուսակցական գործունեությունը, որևէ վատ երևույթի հետ էր կապվում, և կարծում եմ, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով, մենք պետք է հնարավորինս խթանենք, որպեսզի երիտասարդները ցանկություն և շահագրգռվածություն ունենան զբաղվելու կուսակցական, քաղաքական գործունեությամբ»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ քաղաքական կայունության և մեր պետականության համար, նամանավանդ պառլամենտական այս կարգում, շատ կարևոր է, որ հայաստանյան կուսակցությունները կայանան, զարգանան և շարունակաբար իրենց գործունեությունն ավելի բարձր մակարդակի հասցնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում