ՀՔԾ-ն միակողմանի է հրապարակել գործի ապացույցները․ Կոստանյանի փաստաբանները պահանջում են մեղադրանքի հիմքերը ներկայացնել

ՀՔԾ-ն միակողմանի է հրապարակել գործի ապացույցները․ Կոստանյանի փաստաբանները պահանջում են մեղադրանքի հիմքերը ներկայացնել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պաշտպանները դատական կարգով բողոքարկել են Հատուկ քննչական ծառայության և Դատախազության որոշումները, որով փաստաբաններին մերժել էին տրամադրել Գևորգ Կոստանյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը։

Ըստ պաշտպանի՝ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային իրավական ակտերով ամրագրված է, որ յուրաքանչյուր անձ, ով մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, իրավունք ունի ծանոթանալ առաջադրված մեղադրանքին և դրա հիմքում եղած ապացույցներին:

«Հաշվի առնելով, որ նախաքննական մարմինը որևէ ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվեր պարոն Կոստանյանի մեղադրանքի որոշումը կամ հիմնավոր կասկածը, ուստի միջնորդել ենք մեր ծանոթացմանը ներկայացնել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: Ընդ որում՝ մեղադրյալի արդար դատաքննության իրավունքը ներառում է նաև պաշտպանության իրավունքի իրականացումը: Բացի այդ, մրցակցային դատավարության ապահովումն անհնար է, եթե քննարկվող դեպքում պաշտպանական կողմը տեղեկացված չէ Գևորգ Կոստանյանի մեղադրանքի հիմքի մասին: Հետևաբար, յուրաքանչյուր անձ, տեղեկացված չլինելով իրեն մեղսագրված արարքն ապացուցող տվյալների մասին, արդյունավետ չի կարող պաշտպանվել»,– նշեց Գևորգ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ պահանջվող տեղեկությունները չեն կարող նախաքննության գաղտնիք համարվել: Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին մեղադրյալն իրավունք ունի տեղեկացվել իրեն հասկանալի լեզվով անհապաղ և հանգամանորեն:

«ՀՔԾ-ն արդեն իսկ միակողմանի հրապարակել է այս գործում առկա որոշ ապացույցներ: Ավելին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունն թաքցնում է Գևորգ Կոստանյանի օգտին տրված ցուցմունքները և նրա մեղավորությունը բացառող այլ ապացույցներ, այդ իսկ պատճառով պարոն Կոստանյանի պաշտպանական թիմը՝ ղեկավարվելով միջազգային նորմերով և ՀՀ Սահմանադրությամբ, Գևորգ Կոստանյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները ներկայացնելուց հրաժարվելու մասին վարույթն իրականացնող մարմնի անհիմն ու ապօրինի որոշումը բողոքարկել է դատական կարգով»,- ասաց Գևորգ Գևորգյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում