«Էլիտար» զորամաս գոյություն չունի. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

«Էլիտար» զորամաս գոյություն չունի. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «էլիտար» զորամաս գոյություն չունի. դա հրապարակային լրատվամիջոցներում և սոցցանցերի միջոցով տարածված անվանում է: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի այն հարցին, թե ինչպե՞ս է լուծվել «Էլիտար» զորամասի վերաբերյալ հարցը:

«Արդյոք այդ զորամասում հիմնական հրամանատարական անձնակազմին առնչվող որոշակի գործողություններ եղա՞ն, կամ ընդհանրապես ցրվե՞ց զինվորների մեջ եղած «էլիտար» խումբը, որովհետև ինձ հասած տվյալներով դրանք կարծես մնացել են»,-հետաքրքրվեց պատգամավորը:

«Բոլոր զինծառայողները, որոնք պատասխանատու են կարգապահական պատասխանատվություն կրելու համար, ՊԲ հրամանատարի, Արցախի պատպանության նախարարի կողմից պատժվել են տարբեր աստիճաններով, իսկ այն զինծառայողները, որոնք ունեն պատասխանատվություն, կամ նախաքննության ընթացքում կորոշվի իրենց պատասխանատվությունը, հիմա կամ ձերբակալվում են, կամ կալանավորվում են»,– ասաց նախարարը:

Նշենք, որ զորամասում, որն, ըստ մամուլի հրապարակումների, ստացել է «էլիտար» անվանումը, օրերս մահացել էր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում