Բազմաթիվ իրավախախտումների վերաբերյալ գրությունն ուղարկել եմ ՀՔԾ. Արսեն Բաբայան

Բազմաթիվ իրավախախտումների վերաբերյալ գրությունն ուղարկել եմ ՀՔԾ. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Երբ խոսում եմ իրավական որոշակիության, օրենքի առաջ բոլորի հավասարության, լեգիտիմ ակնկալիքի և շատ այդպիսի կարևորագույն սկզբունքների մասին ենթադրում եմ որ շատերը դրանք առանձնապես չեն կարևորում և համարում են սոսկ մասնագիտական գեղեցիկ տերմիններ:

Հիմա փորձեմ մեկ օրինակի վրա ավելի հանրամատչելի ներկայացնել, թե ինչ է նշանակում պետությունից իրավաչափ ակնկալիքը և որն է դրա խախտումը:

Վերջերս Հատուկ քննչական ծառայությունը հրապարակեց տեղեկություն այն մասին, որ Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Հիշեցնեմ, որ այդ գրառմամբ Նարեկ Սամսոնյանը հղում անելով իր աղբյուրին (առանց դրա բացահայտման) պատմել էր մի արարքի մասին, որը պարունակում էր ենթադրյալ հանցավոր արարքի մասին տեղեկություններ: Խոսքը հայտնի սև իկռայի հրապարակմանն է վերաբերվում:

Նարեկ Սամսոնյանն ընդամենը հրապարակել էր, որ լսել կամ իմացել է այդպիսի բան, որ տեղի է ունեցել ինչ-որ արարք: Սամսոնյանը չէր ներկայացրել ենթադրյալ արարքի մասին որևէ փաստական տվյալ: Չէր ներկայացրել որևէ այնպիսի տեղեկություն, որը, իմ համոզմամբ, առիթ կհանդիսանար քրեադատավարական ընթացակարգերով տեղեկությունը ստուգելու համար՚

Այդ պատմությունից առաջ, ինչպես հիշում եք, ես 7 թերթից բաղկացած գրություն էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ 7 էջ ներկայացրել էի բոլոր այն փաստական հանգամանքները, որոնք, իմ համոզմամբ, վկայում են հանցագործության մասին: Խոսքը ՍԴ դատավորներին կաշառելու հայտնի օրենքի ընդունման ընթացքում թույլ տրված բազմաթիվ իրավախախտումներին էր վերաբերվում:

Կզարմանաք իմանալով, թե ինչ է արել գլխավոր դատախազությունը:

Դատախազությունն ընդամենը 1 գրությամբ վերադարձրել է իմ գրությունը, որն ինչպես ասեցի բաղկացած էր 7 թերթ փաստական տվյալներից: Դատախազությունը գրությամբ ինձ հայտնել է, թե իբր ներկայացված գրությամբ ես չեմ հայտնել կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ:

Վստահ եմ հիշում եք այդ գրությունը, որտեղ ամենայն մանրամասնությամբ, համապատասխան հղումներով ու փաստերի ներկայացմամբ հիմնավորվել էր բոլոր խախտումները (աղբյուրը՝ http://ncac.am/?p=374):

Հենց սա է ոչ իրավաչափ գործողությունները, երբ մի հրապարակման հիման վրա, որը չի էլ արտահայտում որևէ կոնկրետ տեղեկություն, քրեական գործ են հարուցում, իսկ մասնագիտական փաստաթուղթը վերադարձնում են մեկ գրությամբ, որի իրավունքն էլ իրականում չունեն:

Ուզում եմ վերջում տեղեկացնել, որ հիմք ընդունելով ՀՔԾ-ի արդեն հայտնի պրակտիկան (Ն․Սամսոնյանի գրառման) նույն գրությունն ուղարկել եմ ՀՔԾ պետին: Ակնկալում եմ, որ ՀՔԾ-ն քրեադատավարական պատշաճ ընթացքով կլուծի հարցը:

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

Image may contain: text

Հետևեք մեզ նաև Telegram-ում