Դրված է գերխնդիր՝ ունենալ հլու-հնազանդ ՍԴ. Դավիթ Հարությունյան

Դրված է գերխնդիր՝ ունենալ հլու-հնազանդ ՍԴ. Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Դրված է մի գերխնդիր՝ ունենալ հլու-հնազանդ Սահմանադրական դատարան, և այդ գերխնդրի համար իշխանությունը մարդկանց ստիպում է անել հապճեպ և չմտածված քայլեր, որոնք շատ լուրջ խնդիրներ կառաջացնեն Հայաստանի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Եվրոպական կառույցին անդամակցելը և լինելը մեծ ընտանիքի անդամ, ենթադրում է խաղի որոշակի կանոններ, և այդ խաղի կանոնները չպահպանելն այդպիսի կառույցում անշուշտ սասանելու է մեր հեղինակությունը:

«Կարծում եմ՝ ամենալուրջ խնդիրը դա չէ, իհարկե, պետք է ուշադրություն դարձենք և շատ կարևորենք եվրոպական կառույցների կարծիքը, բայց եթե գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, դա շատ ավելի վտանգավոր է մեզ համար, մեր ապագայի համար, քան ուղղակի մեր դիրքերի թուլացումը եվրոպական կառույցներում: Պիտի գիտակցենք, որ սա մեր խնդիրն է, և եթե մենք գնում ենք մի ճանապարհով, որը հակասահմանադրական է, ապա այն հղի է այնքան լուրջ խնդիրներով, որ մենք այսօր անգամ կարող ենք չգիտակցել»,- ասաց Հարությունյանը

Նա ասաց նաև, որ եթե այս հանրաքվեն պսակվի այն արդյունքով, որ Սահմանադրական դատարանի դատավորները պիտի դադարեցնեն իրենց պաշտոնավարումը և նշանակեն նոր դատավորներ, ապա մենք տասնամյակներ ճաշակելու ենք դրա բացասական արդյունքը:

«Նոր դատավորները նշանակվում են 12 տարով են, և ուղիղ 12 տարի հետո խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ կփոխի ամբողջ դատարանի կազմը, կհայտնվեն 12 նոր դատավորներ՝ դարձյալ ընտրված այդ օրվա քաղաքական մեծամասնության կողմից: Դուք չեք գտնի աշխարհում որևէ մի դատարան, որի կազմը ամբողջությամբ միանգամից փոխվում է: Չեք գտնի, քանի որ դա ստեղծում է ոչ միայն անկայունություն, որ գալիս են ինստիտուցիոնալ հիշողություն չունեցող անձինք, այլ դատական իշխանության առանձնահատկությունն այն է, որ անդամները փոխվում են ժամանակի ընթացքում: Նրանք երբեք միանգամից չեն նշանակվում, որ կարողանան ապահովել բալանսավորումը»,– նշեց Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում