Ալիևը` Ադրբեջանում բացահայտ ընտրախախտումներով ուղեկցված ընտրությունների մասին (տեսանյութեր)

Ալիևը` Ադրբեջանում բացահայտ ընտրախախտումներով ուղեկցված ընտրությունների մասին (տեսանյութեր)

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով փետրվարի 9-ին Ադրբեջանում բացահայտ ընտրախախտումներով ու կեղծիքներով անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, հայտարարել է, որ ընտրությունները «շատ կարևոր էին և աջակցելու են երկրում կատարվող բարեփոխումներին»:

Ինչպես գրում է minval.az կայքը, Ադրբեջանի նախագահը հիշեցնելով, որ ընտրություններին մասնակցել են ռեկորդային քանակությամբ թեկնածուներ, նշել է, որ «դա խոսում է ընտրությունների նկատմամբ մեծ վստահության մասին»:

«Մեկը հաղթում է, մեկը` պարտվում. յուրաքանչյուրը պետք է հաշտվի իրականության հետ»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Ավելի վաղ ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասված է, որ փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են ժողովրդավարական նախընտրական միջավայրի, համապատասխան իրավական հիմքի և հավասար քաղաքական պայքարի բացակայության պայմաններում և պահանջել է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները:

«Քվեարկությունն ու ձայների հաշվարկն ուղեկցվել են զանգվածային խախտումներով: Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններն ազատ և արդար չեն եղել, իսկ հրապարակված արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը: Կեղծիքների միջոցով ձևավորված Միլլի Մեջլիսը չի կարող կատարել Ադրբեջանի Հանրապետության օրենսդիր մարմնի լիազորությունները»,- ասվում է ընդդիմադիր կուսակցության հայտարարության մեջ:

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv-ն տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկում երևում է, որ ընտրողները գալիս են ընտրատեղամասեր և տեսնում, որ իրենց փոխարեն արդեն իսկ քվեարկել են: Մյուս տեսանյութն ընտրությունների դիտորդների իրավունքների խախտման վերաբերյալ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում