Սիրելի՛ ժողովուրդ, դուք մասնակցելու եք հանցագործության. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Սիրելի՛ ժողովուրդ, դուք մասնակցելու եք հանցագործության. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ՀՀ այսօրվա իշխանություններն ուղղակի ոտնահարում են միջազգային սկզբունքները և դրանով մեզ հավասարեցնում են անկիրթ ցեղերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին, որով նախատեսվում է մինչև 2018թ. ապրիլի 9-ը ընտրված ՍԴ դատավորների պաշտոնավարումը դադարեցնել:

«Ինչո՞ւ են ուզում բերել և Հայաստանը հավասարեցնել այն երկրների, մասնավորապես, Ադրբեջանի հետ, որի մասին ԵԽ-ում տարբեր ձևերով արտահայտվում են: Չգիտեմ, դա միտումնավոր է, թե դա պարզապես ստացվում է, բայց այստեղ հստակ գործընթաց է գնում, որով ուզում են ցույց տալ, որ Հայաստանը՝ պետությունը, ժողովուրդը, ոչնչով չի տարբերվում Ադրբեջանից: Ինձ համար նշանակություն չունի՝ դա արվում է միտումնավոր, թե հիմարությամբ: Հայտնի է, որ հիմարությամբ գործելով՝ կարելի է այնպիսի վնաս հասցնել դրական գործին, որը ոչ մի բանով պակաս չէ, քան միտումնավոր հանցագործությունը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ «Փարիզյան սկզբունքներով» գրված է, որ դատական մարմինների անկախությունը երաշխավորվում է պետության կողմից և այդ ամենն ամրագրվում է Սահմանադրությունում ու այլ օրենքներում. «Գրված է՝ բոլոր մնացած պետական հաստատությունները պարտավոր են հարգել և պահպանել դատական մարմինների անկախությունը: Սա հայ «վատ» իրավաբանների գործը չէ, Հրայր Թովմասյանն այդ ժամանակ չգիտեր, որ այդպիսի բան է գրվելու, որևէ մի դատավոր սրա հետ կապ չունի»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ հանրաքվեի «այո»-ի համար քարոզող խմբի կողմից թիրախավորվելու են հանրաքվեին դեմ արտահայտվող բոլոր անձինք, այդ թվում՝ իրավաբանները և իրավապաշտպանները:

«Այդպես էլ գնալու է, որ կոռուպցիոներները, որոնք ձեզ թալանել են, դրանց ուզում ենք հանել, իսկ Լարիսա Ալավերդյանը չի ուզում հանել: Սիրելի ժողովուրդ, դուք մասնակցելու եք հանցագործության, որը խարան է լինելու մեր երկրի ճակատին: Հանրաքվեն անում են ժողովրդին ընդգրկելու համար այդ հակաիրավական, հակասահմանադրական, միջազգային բոլոր սկզբունքներին հակասող գործընթացում: Հետո կասեն՝ մենք չենք արել, ժողովուրդն է որոշել, մենք ուղղակի առաջարկել ենք»,- նշեց Մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ Սահմանադրությունում փոփոխություններ անելու հարցում իշխանություններին զսպող որևէ հանգամանք չկա: Ըստ նրա՝ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, գիտակ մարդիկ պետք է աշխատեն ժողովրդի հետ՝ բացատրելով, որ մեր խնդիրները դատավորների հետ կապված չեն կամ հանրաքվեի իրական նպատակը դա չէ:

«Դեղին լրատվական թերթի մաստեր-կլաս են անցկացնում և կոչում խորհրդարանական մաստեր-կլաս: Դա խայտառակություն է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով փետրվարի 6-ի ԱԺ արտահերթ նիստը, որի ժամանակ էլ ընդունվեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում