ՀՀ-ն կպարտվի Եվրոդատարանում. ՍԴ դատավորները կարող են դիմել ՀՀ ՍԴ և Եվրոպական դատարան. Գոռ Հովհաննիսյան

ՀՀ-ն կպարտվի Եվրոդատարանում. ՍԴ դատավորները կարող են դիմել ՀՀ ՍԴ և Եվրոպական դատարան. Գոռ Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման բաժնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ գերմանացի գործընկերների հետ քննարկել է Հայաստանում ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններն ու ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն։

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ուստի ազատված դատավորներին նույնպես պետությունը պարտավոր է տրամադրել արդյունավետ դատական պաշտպանություն։ Քանի որ նրանք աշխատանքից ազատվում են սահմանադրական փոփոխության միջոցով, ուստի ոչ մի սովորական դատարան չի կարող քննել այդ հարցը, քանի որ նրանց իրավասությունը չի հերիքում սահմանադրական նորմերը վերացնելու համար։ Դա կարող է անել միայն Սահմանադրական դատարանը։ Հետևաբար, քանի որ դատական պաշտպանության որևէ միջոց չկա, որը հնարավոր է սպառել, ՍԴ դատավորները կարող են անմիջականորեն անհատական դիմումով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան և Եվրոպական դատարան։ Բայց նրանց ազատվելու պատճառով չի լինի այդ դիմումը քննելու հնարավորություն ունեցող ՍԴ։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր այդ քաղաքացիներին ընդհանրապես չի տրամադրի որևէ դատական պաշտպանություն, ինչը ՀՀ Սահմ․ 63-րդ հոդվածի կոպիտ խախտում է։ Ու արդեն զուտ այդ հիմքով Հայաստանի Հանրապետությունը կպարտվի Եվրոպական դատարանում, քանի որ երկրի ներսում սեփական քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը միաժամանակ Եվր․ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է»,-գրել է նա։

Նա նշել է, որ Եվրոպական դատարանի վճիռը, որով հաստատվում է կոնվենցիայի խախտում, Եվր․ Կոնվենցիայի 46-րդ հոդվածին համապատասխան պարտավորեցնում է պետությանը վերացնել խախտումը և հնարավորինս վերականգնել մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum), իսկ եթե կոնվենցիայի խախտումը դեռ շարունակվում է, ապա պետությունը պարտավոր է դադարեցնել այն։

Սակայն հայտնի չէ, թե այդ դեպքում ինչպես և որ մարմինների կողմից պետք է կատարվեն պարտավորությունները։ «Եթե հակակոնվենցիոն է մի վարչական ակտ, ապա վարչական մարմինն ուժը կորցրած է ճանաչում այն՝ կիրառելով վարչական վարույթի մասին ազգային օրենքը. հակակոնվենցիոն վարչական պրակտիկան պետք է փոխվի։ Սկսեցինք մտածել, թե ինչ պիտի լինի, եթե Եվր․ դատարանը հակակոնվենցիոն ճանաչի հանրաքվեով ընդունված նոր կարգավորումը։ Բնականաբար այն պիտի ուղղվի, բայց ո՞նց։ Նորից հանրաքվե պիտի անցկացվի ու նորմը հետ փոխվի՞։ Իսկ ո՞վ կերաշխավորի հանրաքվեի արդյունքները։ Իսկ գուցե ԱԺ-ն ինքը՞ պիտի նորից վերականգնի նախկին կարգավորումը։ էս դեպքում սկզբունքորեն հնարավոր է։ Իսկ եթե խոսքը վերաբերեր միայն հանրաքվեով փոփոխության ենթակա նորմերին, ապա ի՞նչպես պիտի վերականգնվեր մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը»,-գրել է նա։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում