Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը անցել է 900-ից

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը անցել է 900-ից

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 900-ը: Այս մասին հաղորդում է DXY.cn-ը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ Չինաստանում այս վարակի հետևանքով զոհվել է 908 մարդ: Վարակվածների թիվը անցնում է 40.1 հազարը: Բուժվել է 3281 մարդ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հոնկոնգում ընտանիքի 9 անդամները նոր տեսակի կորոնավիրուսով են վարակվել այն բանից հետո, երբ անցյալ ամիս ռեստորանում օգտվել են տաք, շոգեխաշված ուտեստից:

Կիրակի Հոնկոնգի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հայտնել են, որ ընտանիքը ռեստորան է այցելել հունվարի վերջին: 24-ամյա երիտասարդը և իր 91-ամյա տատը առաջինն են կորոնավիրուսով վարակվել, հետո երիտասարդի ծնողները, զարմիկներն ու մորաքույրները:

«9 հոգանոց ընտանիքը ռեստորանում մասնակցել է 19 հոգանոց հավաքույթի: Նրանք օգտվել են մի ուտեստից, որը պատրաստվելիս է եղել չինական մեթոդով. մարդիկ եռացող արգանակով կաթսայի մեջ են ավելացրել միս, բանջարեղեն և այլ բաղադրիչներ»,– մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Հոնկոնգի առողջապահության ներկայացուցիչ Չժուան Շուք Քվանը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ ուտեստից օգտված մարդկանց մեծամասնության մոտ որևէ, նույնիսկ չնչին ախտանշան չի եղել: Ներկայացուցիչը առաջարկել է կրճատել նման հավաքույթները: Եթե դրանք խիստ անհրաժեշտ են, ապա կրճատել միասին անցկացնելիք ժամանակը: Նա նաև հորդորել է մեկը մյուսի հետ չփոխանակվել փայտիկներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում