Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեկորդային քանակությամբ թեկնածուներ են մասնակցելու

Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեկորդային քանակությամբ թեկնածուներ են մասնակցելու

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը հայտարարել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որին մասնակցելու են ռեկորդային քանակությամբ թեկնածուներ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

«Ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 2431 մարդ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նրանցից 1637-ի թեկնածությունը, հետագայում 321 թեկնածու հրաժարվել է հետագա պայքարից, ևս երկուսի թեկնածությունը հանվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Այսպիսով, վաղը պատգամավորական մանդատի համար պայքար կմղեն 1314 մարդ, ինչը ռեկորդային քանակություն է խորհրդարանական ընտրությունների համար»,- ասել է Փանախովը:

246 թեկնածու առաջադրվել է քաղաքական կուսակցությունների կողմից. 11-ը նախաձեռնող խմբերի կողմից, 1057-ը ինքնաառաջադրվել են: Թեկնածուների 79%-ը տղամարդ է, 21%-ը կին: Քվեարկությանը մասնակցել են 5 միլիոն 329 հազար 461 ընտրող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում