Ժնևյան բանակցությունների մասին ամբողջական տեղեկատվության բացակայությունը թույլ է տալիս ֆանտազիաներ բանեցնել. Աշոտ Ղուլյան (տեսանյութ)

Ժնևյան բանակցությունների մասին ամբողջական տեղեկատվության բացակայությունը թույլ է տալիս ֆանտազիաներ բանեցնել. Աշոտ Ղուլյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՊետք է այս ժամանակահատվածում թողնել մի կողմ, թե ով ում է համակրում, որովհետև որոշողն Արցախի ժողովուրդն է, ընտրությունն Արցախի ժողովուրդն է կատարում և այդ ընտրությունը կատարելու է պարտքի, պատասխնատվության բարձր գիտակցումով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով հարցին, թե որպես ԱՀ նախագահի թեկնածու մտահոգություններ չունի՞ ՀՀ-ի ԱՀ ընտրություններին միջամտելու հետ կապված, քանի որ մամուլում արդեն բազմիցս գրվել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունի ֆավորիտ թեկնածու և ընտրությունների ելքը կանխորոշված է:

«Մամուլը, իհարկե, կարող է ամեն ինչ գրել և կարծում եմ՝ դրա համար որոշակի հիմքեր կան, բայց այն, ինչ առերևույթ հրապարակային հայտարարվել է ՀՀ իշխանությունների կողմից, կարծում եմ, որ բավարար է, որպեսզի նույն ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական կոռեկտություն դրսևորվի ԱՀ-ում տեղի ունեցող նախընտրական գործընթացներին և համապետական ընտրություններին որևէ կերպ մասնակցելու իմաստով: Այն, ինչ հայտարարվել է, որ ՀՀ-ն շահագրգռված է Արցախում մրցակցային ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար, սա, կարծում եմ, հենց այն պաշտոնական մասն է, որ պետք է պահել»,-ընդգծեց նա:

Աշոտ Ղուլյանն ասաց, որ չի ցանկանում անձնավորել, բայց Արցախում իշխանությունը պիտի լինի բացառապես քաղաքական, պետք է բիզնեսի հետ կապ չունենա, շահերի բախման մեջ չմտնի, ինչը բխում է հենց սահմանադրական կարգավորումներից:

Նրա կարծիքով՝ ԱՀ-ում քաղաքական ուժերը, նախագահի թեկնածուները Արցախյան հարցի կարգավորման հարցում բանավեճի մեծ թեմա չունեն. «Չկա տարբերակվող խրամատը, որը մեր քաղաքական ուժերին կարող է կանգնեցնել այս հարցում տարբեր կողմերում: Ես վստահ եմ, որ մեր քաղաքական ուժերի մոտ լինելու է շատ մեծ ցանկություն պահպանել այսօրվա իրավիճակը՝ այսինքն ԱՀ անկախությունն ընդունել որպես նվազագույնը, ինչը որ այսօր կա և փորձել հասնել առավելագույնին, հասնել այն նպատակին, որը մենք դրել ենք 1988-ին»,-ասաց նա:

Անդրադառնալով Ժնևում կայացած՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը և հնգակողմ հայտարարությունից հետո վերլուծական շրջանակներում առկա մտահոգություններին, թե կոնկրետ փաստաթուղթ է դրված, որի մասին չի ասվում, Աշոտ Ղուլյանն ասաց, որ այն տեղեկատվությունը, որը կա Ժնևում բանակցություններից հետո, քանի որ ամբողջական չէ, թույլ է տալիս շատ ավելի մեծ ֆանտազիաներ բանեցնել, ինչ են քննարկել, ինչ հետևանքներ կարող են լինել:

«Ես չեմ բացառում, որ որևէ կոնկրետ հարցեր քննարկվել են: Ես այս թեմային անդրադառնում եմ ոչ թե փորփրելու համար, թե կոնկրետ ինչպիսի հարցեր կարող են լինել: Ինձ համար այս ուղղությունն այն հիմնավորման համար է, որ ԱՀ-ն անպայման պետք է բանակցություններին ներգրավված լինի: Քանի որ ԱՀ-ն որպես ինքնուրույն կողմ ներգրավված չէ, միշտ էլ կարելի է տարբեր մեկնաբանություններ բերել, որ այս կամ այն թեման է քննարկվել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում