Արցախի կառավարության նիստում բարձրաձայնվել են փոքր ՀԷԿ-երի հետ կապված խնդիրները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ երեկ տեղի է ունեցել կառավարության նիստ: Նիստի ընթացքում բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը ներկայացրել է էկոլոգիական և սոցիալ-տնտեսական այն խնդիրները, որոնք առաջացել են փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման ընթացքում: Նրա խոսքով, ոլորտը դարձել է բարձր ռիսկային, իսկ առկա խնդիրները հրատապ լուծում են պահանջում: Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել ջրային օրենսգրքում:
Նախախարը նշել է, որ փոքր ՀԷԿ-երի ջրաչափման, մշտադիտարկման համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքում հասկացել են, որ օրենքում խոցելի տեղեր կան, թերությունները շտկելու նպատակով էլ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունը կանխարգելելու, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ապահովելու համար սահմանվել է նոր կառուցվող ՀԷԿ-երին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը:
Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում:
Հիշեցնենք, որ արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հունվարի 20-ից մինչև փետրվարի 4-ը հացադուլ էր արել: Նա այդ քայլին էր դիմել հենց ՀԷԿ-ի հետևանքով առաջացող խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Քանանյանը համոզված է, որ փոքր ՀԷԿ-երի շինարարությունն անդառնալի վնաս է հասցնում ոչ միայն բնապահպանական համակարգին, ինքնին փակում է տարածքի համապարփակ զարգացման, վերաբնակեցման, նոր գյուղական բնակավայերի կայացաման, շրջանի համալիր զարգացման հեռանկարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում