«Մենք դժոխքի միջով անցանք». Թրամփ

«Մենք դժոխքի միջով անցանք». Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի կողմից արդարացվելուց հետո իր աջակիցների հետ Սպիտակ տանը տոնել է այդ իրադարձությունը, հայտնում է bbc.com-ը՝ մանրամասնելով, որ նախագահն իրեն պաշտոնանկ անելու գործընթացը «դժոխք» է բնորոշել:

«Իհարկե, կյանքումս սխալներ գործել եմ, ընդունում եմ, սակայն սա վերջնական արդյունքն է»,-ասել է Թրամփն ու ձեռքում պահած թերթը վեր պարզել. թերթի գլխավոր շապիկին գրված է եղել «Թրամփն արդարացված է»:

«Մենք ոչ արդարացիորեն անցանք դժոխքի միջով: Մենք ոչ մի վատ բան չենք արել: Դա չարիք էր, դա կոռուպցիա էր»,- Ներկայացուցիչների պալատի անդամների նախաձեռնությամբ սկսված պաշտոնանկության գործընթացի մասին շարունակել է խոսել Թրամփը:

Նախագահը, ոգևորված Սենատի որոշմամբ, հավելել է. «Հիմա մենք մի հրաշալի բառակապակցություն ունենք, երբեք չէի մտածի, որ այն այսքան լավ կհնչի: Այն կոչվում է՝ «ամբողջական արդարացում»:

Թրամփը հավելել է, որ «կատարվածն ուղղակի անհեթեթություն էր, որ երբևէ որևէ նախագահի հետ չպետք է պատահի»:

Աղբյուրը նկատում է, որ Թրամփն իր աջակիցների հետ արդարացումը տոնել է մոտ մեկ ժամ և այդ ընթացքում անընդհատ ինքն իրեն շնորհավորել է, ինքն իրեն արդարացրել, խղճացել, ինչպես նաև զուգահեռ վիրավորանքներ հնչեցրել քաղաքական մրցակիցների հասցեին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատը նախագահին մեղավոր էր ճանաչել պաշտոնական դիրքի չարաշահման ու Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու համար: Այնուհետև գործընթացը շարունակվել էր Սենատում, որտեղ մեծամասնություն են կազմում նախագահի կուսակիցները: Երկու շաբաթ տևած քննությունից հետո Սենատը նախագահին արդարացրել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում