Նիկոլ Փաշինյանը պետք է Արցախի հարցում որևէ նախադասություն չասի, ինչ ասել է՝ ի վնաս մեզ է եղել. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը պետք է Արցախի հարցում որևէ նախադասություն չասի, ինչ ասել է՝ ի վնաս մեզ է եղել. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԵս խորհուրդ կտամ, որ խորհուրդ տան Նիկոլ Փաշինյանին Արցախի հարցում որևէ նախադասություն չասի, ինչ ասել է Արցախի մասին ի վնաս մեզ է եղել, ի վնաս Արցախի է եղել: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին. արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ մեր քաղաքական դաշտն այսօր կարոտ է լուրջ քաղաքական բանավեճի, որովհետև չափից դուրս վտանգավոր հանգրվանի ենք հասել: Նա թվարկեց, թե Նիկոլ Փաշինյանի մեկ տարի ինն ամիս վարչապետ եղած ժամանակն ինչ է տվել երկրին:

«Երբ նա առաջին անգամ 2018-ի մայիսի 9-ին եղավ Արցախում, հայտարարեց, որ Հայաստանը հակամարտության կողմ է, 92-ից մեր դիվանագիտությունը պայքարել է այդ ձևակերպման դեմ, Ադրբեջանը միշտ ցանկացել է, որ այդ ձևակերպումը տեղ գտնի: Հետագայում այդ ձևակերպմանը նա չանդրադարձավ, բայց բավականին լավ այն օգտագործեցին Ադրբեջանն ու Թուրքիան: Նա մտավ քաղաքական դաշտ, Արցախյան հարթություն՝ շատ վտանգավոր ձևակերպումներով»,- ասաց նա:

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ բանակցային գործընթացում Հայաստանը Դուշանբեում և Դավոսում շատ լուրջ կորուստներ է ունեցել: Նրա գնահատմամբ՝ 2016-ին Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները չեղարկվել են այդ հանդիպումներով:

«Առաջին անգամ ֆիքսվել էր, որ պետք է շփման գծում պաշտպանական գիծն ուժեղացնենք: Մենք ունեցել էինք հնարավորություն՝ ասելու, թե ով է հարձակվողը, ով է դահիճը, ով՝ զոհը: Բայց, ցավոք, դիվանագիտական այդ շատ կարևոր դիվիդենտը «ջրվեց», երբ Դուշանբեում, Դավոսում, այնուհետև 2019 թվականի մարտի 28-ին Վիենայում, երբ հայտարարություն տարածվեց, չկար այդ՝ սահմանի երկայնքով հսկողական համակարգ դնելու մասին հայտարարությունը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Դուշանբեում առաջին անգամ տեսանք, որ Հայաստանի իշխանությունն առաջին անգամ ադրբեջանական իշխանության հետ պայմանավորվեց՝ կօգնեն, որ եղած իշխանությունն ամրապնդի իր դիրքերը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունն ապակողմնորոշող ինֆորմացիա է տալիս իր հասարակությանը և օրինակ բերեց Ժնևից հետո արված հայտարարությունը: Ըստ նրա՝ բավական է կարդալ հայտարարության «պայմանավորվածությունների համաձայն» արտահայտությունը՝ հասկանալու, որ դա բանակցություն է եղել:

«Սա միանշանակ խոսում է այն մասին, որ մեր հասարակությունը տեղյակ չի եղել՝ ինչ է կատարվում, կարող է լինել համաձայնություն մի դեպքում, եթե տեղի է ունեցել բանակցություն: Այս առումով Ադրբեջանն ավելի անկեղծ է իր ժողովրդի նկատմամբ, ինքը բոլոր հանդիպումներից հետո ասում էր, որ բանակցություններ են տեղի ունեցել: Եթե Վիեննա 2019 թվականի մարտին մեր պատվիրակությունը գնաց՝ հայտարարելով, որ մենք գնում ենք առանց օրակարգի, որովհետև գնում ենք տեսնելու, թե ինչ է կատարվում, Ադրբեջանը հայտարարում էր, որ գնում են հստակ օրակարգով և այդ օրակարգի երկու կետը ֆիքսվում էր. որևէ լուծում չի կարող լինել Ադրբեջանի ամբողջականության հաշվին և բացառվում է Արցախը մաս կազմի բանակցային ձևաչափին»,- շեշտեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ եթե դու օրակարգ չես տանում, քննարկվում է այն օրակարգը, որը դրված է սեղանին, այսինքն՝ մի քանի անգամ քննարկվել է այն օրակարգը, ինչ ներկայացրել է ադրբեջանական կողմը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում