Անկարան կոչ է անում Մոսկվային սաստել Դամասկոսին

Անկարան կոչ է անում Մոսկվային սաստել Դամասկոսին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Թուրքիան կոչ է անում Ռուսաստանին՝ սաստել Սիրիայի կառավարական ուժերին Իդլիբի շրջանում: Հայտարարությանը նախորդել էր թուրքական ուժերի դեմ հարձակումը Իդլիբում, որի արդյունքում զոհվել են թուրք ութ զինծառայողներ և պայմանագրային աշխատողներ: Անկարան մեղադրում է Դամասկոսին այս հարձակման մեջ:

«Ես իմ գործընկեր Սերգեյ Լավրովին ասել եմ, որ ռեժիմը սադրիչ գործողությունների է դիմում Իդլիբի շուրջ մեր դիտարկման կետերի ուղղությամբ, և մենք հակահարված կտանք, եթե իրենք շարունակեն այս գործողությունները: Ռուսական կողմը որքան հնարավոր է արագ պետք է սաստի վարչակարգին»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ Մոսկվան և Անկարան ներգրավված են Սիրիայի հակամարտությունում, որտեղ ռուսական կողմը աջակցում է Բաշար Ասադի կառավարությանը, իսկ Թուրքիան՝ընդդիմադիր զինյալներին, որոնք փորձում էին տապալել Ասադին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Երկու տերությունները միասին ջանքեր են գործադրել Իդլիբում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, սակայն Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները անհանգստացնում են Թուրքիային, որը մտահոգված է փախստականների հնարավոր նոր ալիքով:

Մոսկվան իր հերթին իր մտահոգությունն է հայտնում Իդլիբի զինյալների հարձակումների վերաբերյալ:

Երկուշաբթի օրը Թուրքիան ռմբակոծել է տասնյակ թիրախներ Իդլիբի շրջանում ի պատասխան իր ուժերի դեմ հարձակումների, որոնց արդյունքում եղել են զոհեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում