Իշխանությունը դիմել է զինանոցի վերջին՝ իր կարծիքով քաղաքական փայտիկին. Լիլիթ Գալստյան

Իշխանությունը դիմել է զինանոցի վերջին՝ իր կարծիքով քաղաքական փայտիկին. Լիլիթ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ՍԴ փոփոխությունների, Վենետիկի հանձնաժողովի նախագահի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հետ:

– Տիկի՛ն Գալստյան, ինչպե՞ս կգնահատեք Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը:

– Բուքիքիոն հաստատում է իր նախկին՝ 2019թ. հոկտեմբերի 29-ի հայտարարությամբ արծարծված իրողությունները, և ավելի թանձրացնում ու շեշտակի դարձնում մեր քաղաքական իրականությանը ու մթնոլորտին տված գնահատականները: Ըստ էության բաց տեքստով, բավական խիստ շեշտադրումներով Վենետիկի հանձնաժողովի նախագահն արձանագրում է, որ Հայաստանում ներկա պահին ընթացող գործընթացները չեն արդարացնում և համապատասխանում Եվրոպական ընտանիքի սպասումներին: Իմ կարծիքով՝ մեր քաղաքական մանկապարտեզից ձանձրացածի, գուցե և զզվածի դիրքերից մեկ անգամ ևս կողմերին զսպվածության, անհանգստացնող մթնոլորտը լիցքաթափելու և սահմանադրության բնականոն գործունեությանը վերադառնալու կոչ է սա: Դժվարանում եմ ասել, թե քաղաքական մեծամասնությունը ինչ եզրակացության կհանգի, բայց որ լրջորեն սասանում է Հայաստանի միջազգային վարկը և նրա բացասական էներգիան մեր պետականության դեմ է աշխատելու՝ ակներև է:

– ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիները ցանկանում են լուծել ՍԴ խնդիրը, ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Մի քանի առիթներով ասել եմ՝ Հայաստանի քաղաքական և իրավական ներկա մշակույթը բոլշևիկյան փիլիսոփայության մեջ է տեղավորվում: Երբ «Իմ քայլի» ականավոր պատգամավորներն ու ղեկավարությունը պնդում են, որ ՍԴ-ի հարցը լուծվել է հեղափոխությամբ, հետևաբար Հրայր Թովմասյանը «հեղափոխական» օրենքներով պետք է հեռանա, երբ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից մեկն էլ փողոցում ՀՀ քաղաքացիներին ասֆալտին ծեփելը հիմնավորում է հանրային պահանջով, երբ քաղաքական իշխանությունը իրավունքի գերակայությունը փոխարինել է հեղափոխության պահանջով, նույնն է թե՝ փողոցային արդարադատությամբ, այսպիսի վարքագիծը մեկ գնահատական ունի սահմանադրական և պետական կարգի խափանման փորձ և հանձնառություն: «Ժողովրդական պահանջ»-ի անունից հայտարարություններ կատարողները նախանձելի համառություն ունեն, անհեռատեսորեն և չհիմնավորված ինքնավստահ են, իսկ թե այդ ամենն ինչպես կազդի երկրի սահմանադրական կարգի, ՀՀ միջազգային վարկի և հեղինակության վրա՝ կարծես արժեք չունի նրանց համար: Չէ որ օրերս Հայաստանը ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների գնահատականին արժանացավ հենց այսպիսի վարքագծի արդյունքում:

– Իշխող ուժը ցանկանում է փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «ՍԴ մասին» սահմանադրական օրենքներում, և նրանք արդեն չեն թաքցնում, որ նպատակը ՍԴ խնդիրը լուծելն է: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին:

– Կարծիքս նույնն է՝ նախ սա Հայաստանում քաղաքական մենիշխանության հասնելու վերջին արարն է. ունենալ ամբողջական իշխանություն, ըստ էության, ոչնչացնել իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների մեխանիզմները, գործադիր և օրենսդիր իշխանությունների կողքին ապահովել կառավարելի և հնազանդ դատական իշխանություն և հատկապես Սահմանադրական դատարան: Դժվար չէ ենթադրել, թե միջազգային պայմանագրերի և օրենքների սահմանադրականության վերահսկման այդ ինստիտուտը յուրացնելով՝ ապագա ինչ խնդիրներ է լուծում քաղաքական իշխանությունը:

– Առաջարկվող փոփոխություններից է՝ մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով: Այսինքն՝ փորձ է արվում Սահմանադրության փոփոխություններ անելու համար ՍԴ դիմելը թողնել ԱԺ հայեցողությանը, կցանկանա՝ կդիմի, չի ցանկանա, չի դիմի: Սա ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել:

– Ճնշումների և վախի մեթոդաբանությանը դիմած իշխանությունը մի օր հասնելու էր այս հանգրվանին: Տպավորություն ունեմ, թե փորձարկելով «Սահմանադրական դատարան» օպերացիայի բոլոր հնարավոր գործողություններն ու օպերացիաները, օգտագործում է զինանոցի վերջին՝ իր կարծիքով քաղաքական փայտիկը: Սա ոչ ժողովրդավարական, ոչ էլ իրավական պետության ճանապարհն է, սա ոչ այլ ինչ է, քան Սահմանադրական դատարանի լիազորությունների ուզուրպացիա, ՀՀ նախագահի ինստիտուտի վերջնական նսեմացում: Մենք՝ Դաշնակցության ԳՄ-ը, մեր մի քանի քաղաքական հայտարարություններով կանխատեսել էինք այս հեռանկարը:

Քաղաքական անփորձությո՞ւնն է պատճառը, պետականության արժեքներն ու սկզբունքները գիտակցելու ունակության պակա՞սը, հետհեղափոխական ամբարտավանությո՞ւնը, թե՞ մեծամասնության բոլշևիկյան վարքականոնը, արդյունքը նույնն է՝ վարկաբեկվում է Հայաստանը, խաթարվում է երկրի ներքին խաղաղությունը, խաթարվում է երկրի սահմանադրական կարգը: Սա հարվածում է նաև բանակցող Հայաստանի միջազգային հեղինակությանը և խոցելի դարձնում նրա վարկը:
Բայց արդյո՞ք գիտակցվում է այս ամենը…

Հետևեք մեզ նաև Telegram-ում