Մենք չենք պատրաստվում որևէ մեկի կամակորությամբ թույլ տալ մեզ զննել, խուզարկել և այլն. Փաստաբան

Մենք չենք պատրաստվում որևէ մեկի կամակորությամբ թույլ տալ մեզ զննել, խուզարկել և այլն. Փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ոչ իրավաչափ գնահատեց իրավիճակը: Նա տեղեկացրեց, որ Ռուբեն Հայրապետյանին և իր երկու ընկերներին բերման են ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով, սակայն նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել:

«Ուզում եմ տեղեկացնել, որ պարոն Հայրապետյանի մեքենան չի տրամադրում ոստիկանությունը: Ոչ իրավաչափ հիմա պահվել է գույքը ոստիկանությունում: Հիմնավորումը կամ պատճառաբանությունը հետևյալն էր,որ թույլ տվեք զննենք: Մենք թույլ չենք տալիս զննեն: Կամակորությամբ մենք ոչինչ թույլ չենք տալիս: Չի կարող այնպես լինել, որ պետությունը իր հայեցողական լիազորություններն օգտագործի կամակորությամբ ՝ թույլ տվեք զննենք, բերման ենթարկել ինչ-որ անանիմկաներով: Սա 37 թիվը չի»,- ասաց փաստաբանը:

Խոսելով առաջիկա քայլերից Ամրամ Մակինյանը տեղեկացրեց. «Հիմա մենք արձանագրեցինք և հանրությանը տեղյակ պահեցինք, որ մեքենաները ոչ իրավաչափ գտնվում են ոստիկանությունում: Մենք դատախազությանը այս մասին համապատասխան հաղորդում կներկայացնենք, նաև բացատրություն ոստիկանությունից, թե ինչ հիմքով է գույքը փաստացի արգելափակված»:

Ավելի մանրամասն պարզաբանելով զննման ենթարկելու կարգը, փաստաբանը նշեց. «Զննության թույլտվությունը անձի հայեցողությունն է, քանի որ պարոն Հայրապետյանը իր բերման ենթարկելու մոտիվացիաների մասին նշեց և մենք հստակ արձանագրում ենք, որ այս բերման ենթարկելու գործողությունը իրավաչափ չէ, այլ սև նպատակներ է հետապնդվում, մենք չենք պատրաստվում որևէ մեկի կամակորությամբ թույլ տալ մեզ զննել, խուզարկել և այլն: Փորձ է արվում վախի մթնոլորտ ստեղծել, ուղղակի պարոն Հայրապետյանն այն անձը չէ, որ վախեցնեն»,- նշեց փաստաբանը հավելելով, որ օրենքի սահմանված կարգով ամեն ինչ անելու են այս իրավիճակին իրավական գնահատական տալու համար:

Նրա խոսքով ՝ զննության թույլտվությունը պետք է տրամադրի դատարանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում