Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին կարճել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին գործը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին կարճել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին գործը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ Ռ․ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկումն ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Դատավարության մյուս մասնակիցները ելույթ կունենան հաջորդ նիստին, որը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 13։00-ին։

Միջնորդությունը ներկայացնելիս պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու ընթացակարգերը, առհասարակ, քրեական հետապնդումը, որի միակ նպատակն է եղել Ռ․ Քոչարյանին կալանավորելը, ընթացել են խտրական, տարբերակված եղանակով, ինչն էլ պայմանավորված է եղել բացառապես նրա քաղաքական ընդդիմադիր հայացքներով։ Նախկին նախագահի նկատմամբ դրսևորվել է տարբերակված, խտրական վերաբերմունք՝ իր ընդդիմադիր քաղաքական հայացքների շրջանակում։

Պաշտպան Արամ Օրբելյանը, հղում անելով ՀՀ Սահմանադրությանն, ընդգծեց, որ 2008 թ․ մարտին Ռոբերտ Քոչարյանը գործել է բացառապես նախագահի լիազորությունների շրջանակում։ Նրա խոսքով, խախտվել է և շարունակում է խախտվել Ռ․ Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը և անմեղության կանխավարկածը։

Ավարտելով ելույթը՝ Ա․ Օրբելյանը խնդրեց դատարանին դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և կարճել սույն գործը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում