Սամսոնյան. Ակնհայտ քաղաքական հետապնդում է

Սամսոնյան. Ակնհայտ քաղաքական հետապնդում է

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, որն օրեր առաջ բերման էր ենթակվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, շատ ընդհանրություններ է տեսնում իրեն և այսօր բերման ենթարկված Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու փաստերի հետ:

«Քաղաքական մոտիվացիա ունեցող հերթական շոուն է, որտեղ, ըստ էության, գործող իշխանությունը փորձում է բոլոր իրեն չհնազանդված, երբևէ չհնազանդվող և հնազանդվելու հեռանկար չունեցող ընդդիմադիրներին որևէ ձևով ցույց տալ, որ ինքն այս պահին դիմակավորված ոստիկաններով առավելություն ունի, կարող է այդպիսով ճնշել իրենց: Նույնն է, ինչ մեր նկատմամբ տեղի ունեցածը, պարզպես մենք ավելի քաղաքական ենք, մեր գործունեության ոլորտն ավելի է համընկնում քաղաքական հետապնդվող եզրույթի հետ, քան Ռուբեն Հայրապետյանն է»,- ոստիկանության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ն. Սամսոնյանը:

Նրա գնահատմամբ, ծիծաղելի մասկի շոու է, զավեշտալի է, իշխանության թուլությունն է. «Օրինակ, իշխանությունը չգիտի՝ Ռուբեն Հայրապետյանը զենք ունի՞, թե՞ չունի, օրինական իրեն նվիրված զենք ունի՞ կամ չունի՞, կամ զենքով բերման ենթարկելը ո՞րն է: Ակնհայտ քաղաքական հետապնդում է ակնհայտ քաղաքական մոտիվներով ակնհայտ քաղաքական հեռահար նպատակներով: Բայց Նիկոլ Փաշինյանը մի բան պետք է հասկանա, որը, ցավոք, դեռ չի հասկացել, ի տարբերություն իրեն այս ամեն ինչից վախեցող չկա, նա իր մանկական վախերը փորձում է կիրառել իր քաղաքական հակառակորդների վրա»:

Հիշեցնենք, այսօր մոտավորապես 15:00-ի սահմաններում բերան են ենթարկվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ապօրինի զենք- զինամթերք կրելու կամ պահելու կասկածանքով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում