Դա բացարձակ սուտ է. Արշակ Զաքարյանը մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից

Դա բացարձակ սուտ է. Արշակ Զաքարյանը մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.am: Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ընտանիքով Արցախում էր, այցելել էր զինվոր որդուն և ճաշել «Արի Ռեզորթ» ռեստորանում: Ամեն ինչ ավարտվել էր «ՀԴՄ»-յան սկանդալով:

Analitik.am-ի հետ զրույցում «Արի Ռեզորթի» տնօրեն Արշակ Զաքարյանն ասաց, որ միջադեպի ժամանակ ինքը ռեստորանում չի եղել՝ շեշտելով, որ Փաշինյանի ասածներում ընդհանուր առմամբ անճշտություն չկա, սակայն երկու վերապահում ունի:

Նա նշեց, որ Փաշինյանը գրել է, թե «աշխատողները հավաքվել են ՀԴՄ սարքի գլխին, երևում էր, որ նրանք տեղյակ չեն, թե ինչպես կարելի է օգտվել սարքից». «Ընդամենը սարքի լիցքավորիչն էր փչացել: Սարքի չաշխատելն այդ պահին է ի հայտ եկել: Մենք փակ ենք եղել և այդ օրը նոր բացվել էինք, իրենք էլ առաջին այցելուներն են եղել»,- ասաց Զաքարյանը և հավելեց, որ ՀԴՄ տպելը հասարակ բան է, բոլորն էլ գիտեն՝ թիվ են խփում և կոճակը սեղմում, իսկ Փաշինյանն «իր ենթադրությունն արդեն փաստ է ներկայացրել. դա իր գործելաոճն է»:

Զաքարյանի երկրորդ վերապահումը վերաբերում է «սեփականատերն աղմուկ է բարձրացրել, որ ես իր վրա հարկային եմ ուղարկել» մտքին. «Դա էլ բացարձակ սուտ է»,-հայտարարեց նա և շեշտեց, որ տուգանքի հարցը չի քննարկվում, քննարկվում է Փաշինյանի միտինգային արտահայտությունը՝ հաճախորդների և մատուցողների առջև, թե զինվորի հաց ենք ուտում:

«Ես իմ տեսանյութում մի քանի անգամ շեշտում եմ, որ այդ տուգանքն ինձ համար եղած կամ չեղած, դրա մասին չէ խոսքը, թող երկու անգամ տուգանեն: Ես պարզապես բաձրաձայնեցի վարչապետին ոչ սազական «զինվորի հացն եք գողանում» արտահայտության համար»,-ասաց Զաքարյանը:

Զաքարյանի խոսքերով, երբ սարքը չի աշխատում, պետք է օբյեկտը փակվի, այդ դեպքում ինչպես պետք է մարդկանց բերանից հացը հանեն և փակեն. «Միջադեպի պահին նաև ասել են, թե պահեստային սարք պետք էր ունենալ, որի մասին առաջին անգամ է լսում: Իմանալով վարչապետի՝ ՀԴՄ-ի նկատմամբ տածած սերը, թուլությունը՝ չտալ ՀԴՄ, դա նույնն է, որ դու ինքդ քեզ վատություն անես»,- ասաց նա՝ հավելելով՝ վարչապետը պետք է հասկանար, որ ընդամենը սարքը չի աշխատել, հատկապես, որ նա առաջին անգամ չէր լինում նույն ռեստորանում:

«Մենք հաստատագրված վճարներ են կատարում, ՀԴՄ տպել-չտպելուց մեր հարկերը չի փոխվում»,- ասաց նա:

Հարցին, եթե հաստատագրված վճարներ են կատարում, այդ դեպքում ՀԴՄ սարքն ինչի համար է պետք, Զաքարյանն ասաց, որ տեղյակ չէ, թող նման օրենք գրողները պատասխանեն:

Նա նաև նշեց, որ ՀԴՄ կտրոնը ՀՀ-ում այլ նշանակություն ունի, Արցախում՝ այլ. «Վարչապետը խոսում էր հարկերից խուսափելու մասին: Եթե Հայաստանում հարկերից խուսափում են և ՀԴՄ չեն տալիս, դա զինվորի հացն են ուտում: Ես կարող եմ զինվորի հաց ուտելու շատ օրինակներ բերել, որ ՀԴՄ-ի հետ կապ չունեն. ավելորդ բենզինի ծախսեր, ավելորդ շքեղությունների»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրենց զինվորի հաց ուտելու մեջ մեղադրելն աբսուրդ է և սուտ, քանի որ «Արի Ռեզորթն» աշխատում է հաստատագրված վճարով, և Փաշինյանի օրինակը տեղին չէ:

«Փաշինյանը՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, պարտավոր էր հասկանալ, թե այդ պահին ինչ էր տեղի ունենում և իրեն հատուկ ոճով ավելորդ թատրոն ու միտինգ չսարքեր այցելուների և մատուցողների մոտ: Իսկ տուգանքը սիրով կվճարեմ, դա գնում է Արցախի բյուջե»,-ասաց նա:

«Շոուներից անցնենք գործի էլի»,-հավելեց Արշակ Զաքարյանը՝ դիմելով Փաշինյանին:

Գոհար ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում