Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելը ՀՖՖ-ի հետ կապ ունեցող քրգործին չի առնչվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելը ՀՖՖ-ի հետ կապ ունեցող քրգործին չի առնչվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՀաշվի առնելով վերջին իրողությունները՝ Արթուր Դանիելյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և այլ անձանց բերման ենթարկելու գործողությունները, կարող եմ ենթադրել, որ ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը թմրանյութ կամ զենք պահելու կասկածանքով է բերման ենթարկվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Տրաֆարետային կասկածանքներն են, որ այլ պատճառաբանություն չի լինում մարդուն բերման ենթարկելու, այդ պատճառաբանությունը միշտ կա ու կա»,- ասաց Մակինյանը՝ նշելով, որ հայտնի չէ, որտեղից են բերման ենթարկել, բայց գործողությանը մասնակցել են դիմակավորված հատուկ ջոկատայիններ:

Նա ընդգծեց՝ այս պահին պաշտոնապես չգիտեն՝ ինչ գործի շրջանակներում է բերման ենթարկվել, բայց ՔԿ-ն պաշտոնապես հաստատել է, որ բերման ենթարկելու գործողությունը որևէ առնչություն չունի Հայաստանի ֆոտբոլի ֆեդերացիայի քրեական գործի հետ: «Ավելին ասեմ՝ Ռուբեն Հայրապետյանը երեկ այդ գործով հարցաքննվել է որպես վկա և ցուցմունքներ է տվել այդ դեպքի վերաբերյալ»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանի խոսքով՝ Հայրապետյանը միայն հասցրել է իրեն փոխանցել, որ բերման են ենթարկում Քրեական ոստիկանություն: «Արդեն 15 րոպե է, ինձ չի հաջողվում ներս մտնել և իրավաբանական օգնություն ցույց տալ Հայրապետյանին: Այս պահին «պաշտոնական» պատճառաբանությունն այն է, որ պետը տեղում չէ, որ անցագիր իջեցնի: Սա առաջին դեպքը չէ: Ես ուզում եմ արձանագրել և ոստիկանության ղեկավարության ուշադրությունն եմ հրավիրում, որ եթե պետը տեղում չի լինում, և հնարավորություն չի ստեղծվի անձանց պատշաճ իրավաբանական օգնության ցուցաբերումն ապահովել, առաջարկում ենք ընդհանրապես օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնել այն ժամանակ, երբ պետերը տեղում կլինեն»,- ասաց Մակինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում