Արմեն Սարգսյանի ֆինանսական շահերը բախվում են հայկական պետությունների ազգային անվտանգության շահերին. Ա. Դանիելյան

Արմեն Սարգսյանի ֆինանսական շահերը բախվում են հայկական պետությունների ազգային անվտանգության շահերին. Ա. Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: «Ադեկվադ» միաբանության անդամներն այսօր հերթական ակցիան իրականացրին Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք ջրով լցված տակառներ էին տարել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

«Քանի որ արցախյան կարգավորման հարցի շրջանակում շատ ակտիվ գործընթացներ են ընթանում, մենք էլ, քաջ գիտակցելով, որ դրանք ոչ մի լավ տեղ չեն տանում, փորձում ենք գոնե մաս-մաս չեզոքացնել հայկական պետությունների դիրքերի վրա բացասական ազդեցությունը»,- ասաց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը:

«Այդ գործոններից մեկը Հայաստանի դե ֆակտո նախագահ և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանն է, ով ինչպես հայտնի է դարձել բաց աղբյուրներից, «փայ» ունի ադրբեջանական գազային և նավթային ենթակառուցվածքներում: Նրա անձնական ֆինանսական շահերը բախվում են հայկական պետությունների ազգային անվտանգության շահերին: Մենք տեսականորեն հարցնում ենք՝ հնարավո՞ր է՝, մենք իրեն փոխհատուցում տանք, որպեսզի Արմեն Սարգսյանն իր մասով գոնե չազդի բանակցային գործընթացի վրա»,- ասաց Դանիելյանը՝ ընդգծելով, թե «Ադեկվադ»-ի ցանկությունն այն է, որ նախագահը պատասխանի՝ հնարավո՞ր է՝ իր հետ բանակցել, որ իր անձնական շահերը մի կողմ դնի:

Չկարողանալով տակառները փոխանցել նախագահին՝ «Ադեկվադ»-ի ներկայացուցիչները նամակ գրեցին նրան. «Նամակով ևս մեկ անգամ հորդորեցինք և խնդրեցինք նրան՝ ընդառաջել մեր երկխոսության առաջարկին: Մեր հիմնական նպատակը ոչ մի դեպքում բախումներ չհրահրելն է, այլ խաղաղ ճանապարհով բանակցային գործընթացին խթանելը»,-ասաց Դանիելյանը՝ նշելով, թե բոլոր միջոցները կձեռնարկեն, հետևողականորեն կփորձեն խնդրել Սարգսյանին, որ փորձի սկսկել բանակցությունները:

«Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ հստակ ֆինանսական փոխհատուցում տրամադրել Արմեն Սարգսյանին, եթե նա երկխոսություն սկսի»,- ասաց Արթուր Դանիելյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ այսուհետև յուրաքանչյուր ամսվա առաջին օրերին միաբանությունը սեփական ուժերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է մատակարարելու նավթամթերքի չափաբաժին՝ նպատակ ունենալով գոնե մասամբ բացել աշխարհաքաղաքական շահերի բախման այն կծիկը, որն առաջացել է Կենտրոնական Ասիայի էներգակիրների` դեպի Եվրոպա տարանցելու անհրաժեշտությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում