Նորքի ինֆեկցիոնում Չինաստանից վերադարձածներին կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ չեն անցկացրել

Նորքի ինֆեկցիոնում Չինաստանից վերադարձածներին կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ չեն անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում Չինաստանից վերադարձած քաղաքացիներին չեն անցկացրել կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ, քանի որ, ինչպես հիվանդանոցում պարզվել է՝ թեստերը նրանց համար են, ովքեր ունեն մի քանի նախանշաններ միասին և ծանր վիճակում են: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Գայանե Ապրունցը:

«Օդանավակայաններում բոլոր զննումներն անցնելով` երեք օր առաջ Չինաստանի Տիանժին քաղաքից վերադարձանք Հայաստան:

Չնայած Զվարթնոցում էլ մեզ հորդորեցին հանգիստ գնալ տուն և զուտ երկու շաբաթ զգույշ լինել այլ անձանց հետ շփումներից՝ մեկ օր անց որոշեցինք անցնել բուժզննում: Այսօր ամբողջ օրը անցկացրեցինք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Առավոտյան մեզ հեռախոսով ասացին, որ հիվանդանոցը դեռ չունի կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերից, իսկ հիվանդանոցում պարզվեց, որ թեստերը նրանց համար են, ովքեր ունեն մի քանի նախանշաններ միասին և ծանր վիճակում են:

Այսինքն մայրս, ով երեկ ջերմում էր, այսօր ՝ հազում, պետք է սպասի, որ մի քանի նախանշաններ միասին ունենա, վիճակը վատթարանա: Ես կարծում եմ, թեստերը թանգարանային նմուշ չեն և գերնպատակ պետք է լինի ախտորոշել վիրուսը հնարավորինս արագ:

Հիվանդանոցի բժիշկները շատ բարեհամբույր էին, բայց իրենք էլ չգիտեին, թե ինչպես համակարգել և անցկացնել բուժզննումը: Այնտեղ հավաքվել էինք 6 հոգով, մեկը ջերմում էր: Բժիշկները կարծում էին, որ եթե մենք եկել ենք Չինաստանից, ապա իրար համար վտանգ չենք ներկայացնում, և 6-իս էլ տարան նույն սենյակ:

Մոտ երկու ժամ սպասելուց հետո միասին անցանք ռենտգեն հետազոտություն, վերցրեցին անալիզներ: Խնդիրն այն է, որ եթե մեզանից որևէ մեկը լինի վարակակիր, ապա մյուս 5-ը ևս ռիսկային գոտում են (այսօրվա բուժզննումից հետո Ճ):

Ոչ մի պատասխան այսօր չստացանք, վաղը առավոտյան պետք է հանձնենք արյան անալիզ:
Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում վիրուսակիրներ չկան, որովհետև չեն ստուգվում:
Ռենտգենը և արյան անալիզը չեն կարող ախտորոշել Կորոնավիրուսը»,- գրել է Գ.Ապրունցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում