Տնտեսական 7.8 տոկոսը որակական հավելյալ արժեք չի ստեղծել. Բոստանջյան

Տնտեսական 7.8 տոկոսը որակական հավելյալ արժեք չի ստեղծել. Բոստանջյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Գրեթե 2000-ին մոտ մեքենա բերվեց Հայաստան՝ պայմանավորված մաքսազերծման հետ կապված արտոնության հետ, բայց դա տնտեսության համար հավելյալ արժեք չստեղծեց։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Բոստանջյանի խոսքով, բիզնեսի այդ տեսակը (մեքենաների ներկրում, խմբ.) 2020 թվականին ընդհանրապես չի լինի, ավելին, նրա խոսքով, ներկրված մեքենաներն այնքան խոցելի են դարձել, որ կարող է այս բիզնեսն ընդհանրապես շատ վատ անդրադառնա տնտեսության վրա։

«Մարդիկ, ովքեր ստիպված իբր իրենց համար բիզնես էին ստեղծել, որոշակի եկամուտներ ապահովելու կտրվածքով, այսօր կոտրած տաշտակի դիմաց են կանգնած բազմաթիվ առումներով՝ ինչպես մաքսազերծման և իրացման հարցում, այնպես էլ քաղաքում մեքենաների շարժի առումով։ Մեքենաների շարժման հնարավորություն չկա, գոյություն ունեցող փոքր թողունակության փողոցների պարագայում մենք ունենք ահավոր վիճակ։ Եվ խոշոր առումով հակված չեմ մեր տնտեսական անցուդարձը այդ տեսանկյունից նկարագրել»,- նշեց Բոստանջյանը։

Դիտարկմանը, որ 2019 թվականին եվրոպական երկրներից ներմուծված մեքենաների համար վճարված մաքսատուրքը տարեվերջին ներկայացվեց՝ որպես տնտեսական աճի ցուցանիշ, Բոստանջյանը նշեց, որ երևույթը սխալ տնտեսական քաղաքականության հետևանք է։

«Վիճակագրական տվյալների ամփոփման պարագայում 7.8 տոկոս տնտեսական աճը գրանցվեց, բայց աննախադեպ բառը տեղի-անտեղի չի կարելի գործածել, ամեն մի փռշտոցն աննախադեպ են համարում ու նախկինների համեմատ, կարծեք թե, համարվում է մեծ նվաճում։ Ստեղծվում է տպավորություն, որ նախկինում ընդհանրապես ոչինչ գոյություն չի ունեցել, հիմա ամեն մի շնչել-արտաշնչելը արդեն նվաճում է։ Խոշոր առումով էդ 7.8 տոկոսը գրանցվել է, բայց ես՝ որպես մասնագետ, էդ դիտակետից ասել եմ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշ է»,- նշեց Բոստանջյանը։

Տնտեսագետի խոսքով, ցանկացած զարգացում որակական առումով կառուցված է ՀՆԱ-ի վրա։ ՀՀ-ում այդ առումով դեռևս հաջողություն գրանցված չէ՝ անկախ այն հանգամանքից, որ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 9 տոկոս աճ. «Էնտեղ գրված է, որ 4.2 տոկոս գյուղատնտեսության անկում ունենք, ծառայությունների ոլորտը՝ 15 տոկոս։ Տարվա սկզբին մենք հանքարդյունաբերության ոլորտում անկում ունեինք, մինչև իշխանափոխությունը, պայմանավորված մի շարք բնապահպանական պայմաններով, Թեղուտը չէր շահագործվում, իսկ երբ սկսեցին հանքերը շահագործել, նկատվեցին միտումներ և տարվա վերջում ապահովվեց հանքարդյունաբերության 25 տոկոս աճ։ Այս աճը թիվ է, որն անմիջապես հրեց ամբողջ արդյունաբերությանը՝ հասցնելով 9 տոկոս աճի։ Բայց ընդհանուր առմամբ, մեր տնտեսական կառուցվածքում, ըստ էության, ծառայությունների ոլորտում գրանցեց 15 տոկոս աճ, առևտուրը՝ գրեթե 8.9։ Այս աճերը պետք է չապակողմնորոշեն, քանի որ ծառայությունների ոլորտը զվարճանքի վայրերն են, խաղատները, այսինքն՝ բախտախնդրությունը դարձել է մեր մոտ դոմինանտ՝ երկրի զարգացման առումով»։

Բոստանջյանը նշեց, որ տնտեսական 7.8 տոկոսը որակական հավելյալ արժեք չի ստեղծել։

«Եկեք այն մտայնությունից դուրս գանք, որ ոչինչ չի եղել, ու հիմա ամեն ինչ նվաճվում է։ Խոշոր առումով էն, ինչը դուք տեսաք, դրանց վրա զարմանալ պետք չի, քանի որ այդպիսի պոտենցիալ ունեցող մասնագետները (Տիգրան Ավինյան, Սուրեն Պապիկյան, Բաբկեն Թունյան, Դավիթ Անանյան) կարող էին դրան հասնել։ Ես մտածում եմ՝ ինչ դժվարությամբ են նրանք աշխատում այս պայմաններում, կամ կարողանում են լրիվ դրսևորվել, թե չէ»,- նշեց Բոստանջյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում