ԵՊՀ-ում մարտի 23-ին ռեկտորի ընտրություն կկայանա

ԵՊՀ-ում մարտի 23-ին ռեկտորի ընտրություն կկայանա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա մարտի 23-ին: Այս մասին որոշում կայացվեց այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը առաջարկեց մրցույթն անցկացնել մարտի 27-ին:

«Հաստատված կանոնակարգը նախատեսում է մրցույթը նշանակել առնվազն 40 օր հետո: Բայց դեռ պետք է հայտարարություն տրվի: Ես տեխնիկական առումով 5 օր ուզում եմ, որպեսզի հայտարարությունը նախապատրաստվի, բոլոր տեղերը հասցնենք ուղարկել: Միաժամանակ պետք է հայտարարենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտորի ընտրություն: Այս դեպքում ավելի քիչ ժամանակ է պահանջում: Տրամաբանությունն այն է, որ մարտի 16-ին անցկացնենք Իջևանի մասնաճյուղի ռեկտորի ընտրություն, ևս 10 օր հետո հայտարարենք ԵՊՀ ռեկտորի ընտրությունները»,-նշեց նա:

Այնուհետև որոշվեց մրցույթն անցկացնել մարտի 23-ին:

Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը 2019 թ. մայիսի 23-ին հայտարարել էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնից հրաժարական տալու մասին: Ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել Գեղամ Գևորգյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում