Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր կստանա Չինաստանից

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր կստանա Չինաստանից

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ,  Aysor.am: Հայաստանը Չինաստանից ախտորոշիչ թեստեր կստանա՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար, այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արդեն ասվել է, որ բժշկական ախտորոշիչ թեստերի հետ կապված խնդիր ունենք, խնդիր ունեն բոլորը, քանի որ հիվանդությունը նոր է, ախտորոշիչ թեստը նոր է մշակվում։ Սակայն մենք այսօր առավոտյան արդեն պայմանավորվածություն ունենք չինական մի արտադրողի հետ՝ թեստեր ձեռք բերելու համար։ Դեսպանատունը մի քանի ժամվա մեջ այդ թեստերը ձեռք կբերի և կուղարկի Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք կիրառվեն», – ասաց նախարարը։

Նա նշեց, որ այդ թեստերը կիրառվում են միայն կլինիկական ախտանիշների ի հայտ գալու դեպքում։

«Մինչ օրս թե՛ ՀՀ քաղաքացիները, որոնք վերադարձել են Չինաստանից և ունեցել են այդ ախտանիշները՝ փռշտոց, հազ, թե՛ Չինաստանի այն քաղաքացիները, որոնք ունեցել են նման ախտանիշներ, նրանց մոտ կորոնավիրուսին բնորոշ կլինիկա չի եղել։ Նրանց մոտ եղել է սովորական գրիպի վիրուս։ 99,9 տոկոս հավանականությամբ կարող ենք ասել, որ այս պահին Հայաստանում որևէ դեպք չունենք», – ասաց Արսեն Թորոսյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ վարչապետի որոշմամբ ստեղծված կորոնովիրուսի համաճարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստն է տեղի ունեցել այսօր, քննարկվել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը, որի վերաբերյալ 1-2 օրվա ընթացքում որոշում կկայացվի և ՀՀ արտգործնախարարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում