ՀՅԴ-ն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանից պահանջում է հրապարակային ներողություն և սիմվոլիկ 1 դրամ փոխհատուցում

ՀՅԴ-ն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանից պահանջում է հրապարակային ներողություն և սիմվոլիկ 1 դրամ փոխհատուցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՀՅԴ-ն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանից վիրավորանքի համար պահանջում է հրապարակային ներողություն և սիմվոլիկ 1 դրամ փոխհատուցում, զրպարտության համար՝ ևս 1 դրամ փոխհատուցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Հայկուհի Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթն է, որի ժամանակ վերջինս Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ:

«Այս հայցադիմումի պարագայում մեզ չի հետաքրքրում դրամական փոխհատուցումը, շատ ավելի կարևոր է փաստի արձանագրումը, որի համար մենք դիմել ենք դատարան: Պատասխանողը վարույթի ընթացքում Արման Բաբաջանյանն է»,-նշեց նա:

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց՝ այն, ինչ համարվում է որպես պատճառված վնասի փոխհատուցում, անչափելի է, անգնահատելի է, և օրենքով նախատեսված առավելագույն փոխհատուցման գումարն անգամ չի կարող պատճառված վնասը փոխհատուցել:

«130-ամյա քաղաքական ուժն իր անցյալի և ապագայի համար երաշխավորված է, որովհետև ծնվում է ազգային գաղափարախոսությունից և գնում է ապագա հենց ազգային գաղափարախոսության ներքո հայրենիք կերտելու մտածումով»,-ասաց նա:

Մինասյանը կարևորեց, որ հայցադիմումը նախադեպային է, քանի որ առ այս պահը հայտնի չէ որևէ դեպք, երբ կուսակցությունն ու կուսակցության ղեկավար մարմնի անդամներն այսպիսի հայցադիմում են ներկայացնում:

Դիտարկմանը, թե Բաբաջանյանը կարող է ասել, թե իր հայտարարությունը քաղաքական է եղել, Մինասյանն արձագանքեց, որ չի կարող քաղաքական որակվել հայտարարությունը, որը հստակ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելուն է ուղղված:

Հարցին՝ պատկերացում ունե՞ն, թե Բաբաջանյանն ի՞նչ դեպքերի վերաբերյալ կարող է ապացույցներ նշել, ինչպես հայտարարել է դրա մասին, Մինասյանը պատասխանեց, թե կսպասեն դատական նիստին և Բաբաջանյանի խոստացած ապացույցների ներկայացմանը: Հարցին՝ Բաբաջանյանի վստահությունը չի՞ վախեցնում, Մինասյանն արձագանքեց. «Մեզ ընդհանրապես ոչինչ չի վախեցնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում