Կորոնավիրուսի պատճառով դպրոցներում արաձակո՞ւրդ է հայտարարվելու. Մանրամասնում է նախարարը

Կորոնավիրուսի պատճառով դպրոցներում արաձակո՞ւրդ է հայտարարվելու. Մանրամասնում է նախարարը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով Կորոնավիրուսի մասին, պատասխանեց նաև հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, որ Հայաստանում մասնավորապես դպրոցներում արձակուրդներ հայտարարվեն:

Թորոսյանը նշեց, որ երեկ ԱՀԿ-ի հայտարարած «արտակարգ դրությունը» հայտարարվել է Չինաստանից դուրս Կորոնավիրուսի մարդուց մարդ փոխանցվելու պատճառով. «Այն ենթադրում է երկրների ավելի խիստ մոտեցում վարակի տարածման դեմ պայքարում: Սակայն մենք այս պահին չենք գտնվում բարձր ռիսկի գոտում: Իսկ այս երկու օրերին շատացող միջոցառումները մեզ ավելի են զերծ պահելու նման ռիսկի երկիր դառնալուց: Հետևաբար քաղաքացիների շարժը սահմանափակելու անհրաժեշտություն չկա: Նման հարց չի քննարկվում: Սակայն անհրաժեշտության դեպքում կքննարկվի»:

Թորոսյանը հիշեցրեց անցած տարվա մասին՝ նշելով, որ այն ժամանակ էլ դպրոցներում արձակուրդներ չհայտարարվեցին, քանի որ իրավիճակը վերահսկվում էր. «Կորոնավիրուսի այս ձևը նոր է, սակայն դրանք մեզ շրջապատող վիրուսներից են: Հնարավոր է, որ մենք այլ ձևով ժամանակին վարակված էլ լինենք: Իսկ վիրուսները հիմնականում վտանգավոր են խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար»։

Թորոսյանը նաև հայտնեց, որ Չինաստանից դուրս մահ չի արձանագրվել, իսկ մարդուց մարդ փոխանցումը եղել է 1-2 դեպք: Այլ երկրների քաղաքացիների մուտքը սահմանափակելու հարցը չի քննարկվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում