Վրաստանի նախագահն աջակցություն չի հայտնել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին. eurointegration.com.ua

Վրաստանի նախագահն աջակցություն չի հայտնել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին. eurointegration.com.ua

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով կատարած այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խուսափել է պատասխանել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հարցին: Այս մասին տեղեկացնում է eurointegration.com կայքը:

Ելույթի ու շփման համար Զուրաբիշվիլիին տրամադրվել էր 60 րոպե ժամանակ, սովորաբար արտասահմանցի առաջնորդներն այդ ժամանակի մեծ մասը թողնում են հարցուպատասխանի համար: Սակայն Զուրաբիշվիլին խոսել է 50 րոպե և շատ քիչ ժամանակ է տրամադրել հարցուպատասխանին: Միակ հարցին, որը վերաբերում էր Վրաստանի նկատմամբ ագրեսիայի համար Ռուսաստանին պատժելուն, նա այդպես էլ չի պատասխանել:

Ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Ալեքսեյ Գոնչարենկոն խնդրել է Զուրաբիշվիլիին բացատրել` արդյոք պաշտոնական Թբիլիսին կաջակցի՞ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը, քանի որ այդ հարցը ներկայում քննարկվում է Եվրոպայի խորհրդում:

Վրաստանի առաջնորդը խուսափել է առարկայական մեկնաբանություններ տալ հարցի շուրջ` նշելով միայն, որ Ռուսաստանի համար ավելի հեշտ կլինի «պատժամիջոցների հին, մոնիթորինգային մեխանիզմի» առկայության դեպքում խուսափել այդ պատժամիջոցներից:

«Ռուսաստանը, իրոք, չի կատարում իր պարտավորությունները: Խնդիրն այստեղ այն է, որ ինչքան մեծ է պետությունը, այդքան քիչ է նրա նկատմամբ ուշադրությունը մոնիթորինգային ընթացակարգերի ժամանակ»,- ասել է Վրաստանի նախագահը:

Նշվում է նաև, որ հունվարի 27-ին Վրաստանի արտգործնախարար և ներկայում Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի ղեկավար Դավիդ Զալկալիանին, ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, նույնպես խուսափել էր խոսել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում