Ադրբեջանը խախտել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը. ՄԻԵԴ

Ադրբեջանը խախտել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը. ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, 168.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ադրբեջանական կողմից գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գործով, գրում է 168.am-ը։

«Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Դատարանը որոշել է, որ Մանվել Սարիբեկյանի մահվան առումով տեղի է ունեցել ՄԻ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և Խոշտանգումների վերաբերյալ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (արգելում է խոշտանգումը և «անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը»):

Դատարանը որոշել է, որ հայցվորներին Ադրբեջանը պետք է 60 հազար եվրո վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում և 2200 եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Հայաստանի քաղաքացի, Ճամբարակի շրջանի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Շամշադինի ուղղությամբ:

Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր, հովիվ և գերի ընկնելու պահին ՀՀ ԶՈՒ-ում չի ծառայել: Չնայած դրան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առիթը բաց չի թողել գերեվարված քաղաքացիական անձին «դիվերսանտ» ներկայացնելու համար: Հոկտեմբերի 5-ի գիշերը Սարիբեկյանը, գտնվելով ադրբեջանական բանտում, իբր կախվել է: Հայկական կողմը կարծում է, որ Սարիբեկյանին կա՛մ սպանել են, կա՛մ հասցրել ինքնասպանության: Սա հաստատվում է այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը մեկ ամիս հրաժարվում էր վերադարձնել Սարիբեկյանի մարմինը: Ադրբեջանական կողմը Մ. Սարիբեկյանի մարմինը Հայաստանին է հանձնել նոյեմբերի 4-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում