Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Հնդկական Կերալա նահանգում գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակման առաջին դեպքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Հնդկաստանի կառավարության տեղեկատվական բյուրոյի տարածած հայտարարությանը:

«Կերալա նահանգում հաստատվել է Ուհանում սովորող ուսանողի` կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիվանդի վիճակը գնահատվում է կայուն: Նա գտնվում է հսկողության տակ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին երկրի կենտրոնական հատվածում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) թոքաբորբի անհայտ տեսակի բռնկման մասին: Մասնագետների խոսքով` հիվանդության հարուցիչ է համարվում 2019-nCoV նոր տեսակի կորոնավիուսը:

ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն` Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7711-ի, 170 մարդ մահացել է:

Չինաստանի մայրցամաքային հատվածից դուրս վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում, ինչպես նաև Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Ֆինլանդիայում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացրել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:

ՉԺՀ կառավարության ներկայացուցչի խոսքով` Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում