Փաշինյանը փորձում է հասարակությանը համոզել, որ Ոստիկանությունը բանի պիտանի չէ, որպեսզի իր «նոր ոստիկանության» ծրագիրն առաջ տանի. Գագիկ Համբարյան

Փաշինյանը փորձում է հասարակությանը համոզել, որ Ոստիկանությունը բանի պիտանի չէ, որպեսզի իր «նոր ոստիկանության» ծրագիրն առաջ տանի. Գագիկ Համբարյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՓաշինյանը փորձում է հասարակությանը համոզել, որ Ոստիկանությունը բանի պիտանի չէ՝ հետագայում իր «նոր ոստիկանության» ծրագիրն առաջ տանելու համար, որն, իհարկե, խնդրահարույց է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով երեկ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս երկու անդամների ձեռնաշղթաներով Ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկելուն:

«Բոլորի մոտ այն տպավորությունն էր, որ սրանք անտրամաբանական քայլեր են, որով ոստիկանությունն ինքն իրեն վարկաբեկում է, բայց այստեղ խնդիրը հետևյալն է՝ որտեղի՞ց է ոստիկանությունը ստանում հրահանգները այդ անձանց «մասկի շոուների» միջոցով, ասֆալտին պառկեցնելով տանել ոստիկանություն և ընդամենը ժամեր անց ազատել: Սա հատուկ ծրագիր է, որի միջոցով համոզում է, որ Հայաստանում ուժային կառույցների բացարձակ վատ կառույցներ են, պետք է փլուզվեն և դրանց փոխարեն ձևավորվի նոր Ոստիկանություն և նոր ԱԱԾ: Գործող իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ զբաղված են ուժային կառույցների վարկաբեկման գործընթացով»,- ասաց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը նկատեց, որ ուժային կառույցների վարկաբեկումը վաղուց է սկսվել Նիկոլ Փաշինյանի կողմից: Նա հիշեցրեց ԱԱԾ-ին՝ սատանաների հետ համագործակցող անձանց հայտնաբերելու ուղղությամբ հանձնարարականը:

Ըստ նրա՝ ուժային կառույցների նկատմամբ նմանատիպ գործողությունները բնորոշ են հետհեղափոխական երկրներին: Վրաստանում 2003 թ.-ին տեղի ունեցած «Վարդերի հեղափոխություն»-ից հետո նույն գործընթացը եղել է հարևան երկրում:

Գագիկ Համբարյանը խոսեց նաև երեկ քաղակտիվիստներին բերման ենթարկելու և վարչապետի կողմից շրջանառության մեջ դրված գրիչ թեմայի մասին և չբացառեց, որ քաղհասարակության ներկայացուցիչներին բերման ենթարկելու Ոստիկանության գործողությունը գրիչի թեման շեղելու համար էր. «Չեմ բացառում, որ իշխանությունները, որոնք շատ լավ տիրապետում են կեղծ օրակարգերի ձևավորման տեխնոլոգիաներին, փորձել են այս մեթոդով շեղել, բայց սա շատ պրիմիտիվ և կարճաժամկետ օգուտ տվող գործողություն էր: Գրիչի պատմությունը պարոն Փաշինյանի ողբերգությունն էր: Ես որքան նկատել եմ, պարոն Փաշինյանը բացարձակ չի լսում իր շրջապատին՝ օգնականներին, խորհրդականներին: Եվ դրա հետևանքներից մեկն այն է, որ շատ դեպքերում հայտնվում է այսպիսի ծիծաղելի իրավիճակներում»:

Քաղաքագետի խոսքով՝ գրիչի պատմությունը շատ բացասաբար ազդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա. «Նիկոլ Փաշինյանը պրիմիտիվ և մանկամիտ տարբերակ էր ընտրել Հրայր Թովմասյանի «քծնանքը» ապացուցելու համար: Պարզվեց, որ մեկը գրիչն էր, երկրորդը՝ «ջան» ասելը: Սա ավելի խայտառակեց Փաշինյանին: Շատ ամոթալի պատմություն էր: Ես ինչքան նկատում եմ, պարոն Փաշինյանը չի ցանկանում միայնակ այդ ամենը ճաշակել և դրա մեջ ներքաշում է իր շրջապատին: Նույն Ալեն Սիմոնյանին «փչացնելու» իմաստը ես բացարձակ չհասկացա՝ Թումանյան փողոցում գոյություն չունեցող «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ իրեն հետևից գրկախառնվելը, սա ընդհանրապես անտրամաբանական էր»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում