Վարչապետն իր բնույթով դերասան և շոումեն է, իսկ պատերազմող երկրի համար դա ամենամեծ մարտահրավերն է. ռազմական փորձագետ

Վարչապետն իր բնույթով դերասան և շոումեն է, իսկ պատերազմող երկրի համար դա ամենամեծ մարտահրավերն է. ռազմական փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ շատ լավ կլիներ, որ ինչպես Արցախում է, այնպես Հայաստանում հունվարի 28-ը համարվեր Հայրենիքի պաշտպանի օր. երկիրը պաշտպանողը միայն խրամատում կանգնած զինվորը չէ, այլ` տարբեր ոլորտներում իր հայրենիքին ծառայողը:

«Հայրենիքի պաշտպանի օրը պետք է վերաբերի Հայաստանի ցանկացած քաղաքացու. սկսած ՀՀ վարչապետից, վերջացրած շարքային քաղաքացիով, թոշակառուով»,– ասաց նա:

28-ամյա բանակը, ըստ ռազմական փորձագետի, այսօր ավելի շատ մարտահրավերների առջև է կանգնած, քան երեկ էր: Ըստ նրա՝ այսօր փաստ է այն, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ավելացրել է իր ագրեսիվ հռետորաբանությունը և մեզ հետ այլևս ուլտիմատումով է խոսում, մեր տարածաշրջանում տարբեր ուժային կենտրոնների բախումներ են դրսևորվում:

«Այն, որ Իրանի և՛ ցամաքային, և՛ ծովային սահմանները շրջապատված են ԱՄՆ-ի զորատեսակներով, այլևս փաստ է: Այն, որ Արցախի Հանրապետության վարչատարածքային միավոր հանդիսացող, նախկին Ադրբեջանի Կուբաթլուի, Զանգիլանի և Ջեբրայիլի շրջանները այսօր ավելի մեծ նշանակություն են ստացել, քան նույն Հայաստանը, ակնհայտ է. ԱՄՆ-ը Իրանը վերջնականապես բոլոր կողմերից շրջափակելու խնդիր է դրել»,- ասաց նա` նկատելով, որ սրանք մարտահրավերներն են և դրանք ոչ միայն ավելացել են, այլև արդեն ռեալ սպառնալիքներ են դարձել:

Այս համատեքստում Հայկ Նահապետյանը նշեց, որ եթե Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ռազմական ագրեսիա լինի, փախստականների մեծ հոսք կարող է անցնել Արցախի սահման: Նրա նկատառմամբ` այդ սպառնալիքները առավել առարկայական են դառնում, երբ մեր հնարավորությունները հակառակորդների դիմակայելու համար օգտագործելու փոխարեն`տարբեր պետական ինստիտուտների և ժողովրդի միակամությունն ենք տրոհում:

«Նախկինում էլ իրավիճակը չէր փայլում, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ ջրբաժաններ, և դրանց մեջ հայտնվել են Հայաստանի քաղաքացիները` իրենց տարբեր մոտեցումներով: Արդյոք դա մարտահրավեր չի՞ դառնում մի պետության համար, որը շրջափակված է չհայտարարված պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, իսկ մեկ այլ հարևանը` Վրաստանը, խիստ կասկածելի վարք է դրսևորելու, եթե տարածաշրջանում լինի ֆորսմաժորային վիճակ»,- հարց բարձրացրեց նա:

Փորձագետը նաև հիշատակեց իննսունականները, երբ Վրաստանում չկառավարվող զինված զորախմբերը ճանապարհներ էին փակում, գազամուղներ էին պայթեցնում, իսկ այնտեղի իշխանությունները հավատացնում էին, որ դրանք իրենց չեն ենթարկվում:

«Արդյոք մարտահրավե՞ր չէ, երբ երկրիդ քաղաքական ղեկավարությունը հանիրավի հետապնդումներ է իրականացնում Արցախյան պատերազմը հաղթած մարդկանց նկատմամբ: Արդյոք մարտահրավե՞ր չէ, որ Արցախի նախագահին պարտադրվում է, որ Արցախյան հերոսամարտում իրենց ներդրումն ունեցած ուժային կառույցների ղեկավարները հրաժարական տան: Արդյոք մարտահրավե՞ր չէ, որ ինչպես 1992-93 թվականներին էր, այնպես էլ հիմա, արհեստականորեն ժողովրդի միջև սերմացվում են հայաստանցի, ղարաբաղցի արհեստածին եզրույթները:

Արդյոք մարտահրավե՞ր չէ, որ Հայաստանում ժողովրդի օրենքի գերակայությունը փոխարինվում է մեկ անձի քմահաճություններով, կամային որոշումներով: Արդյոք մարտահրավե՞ր չէ, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած անձը Արցախյան հիմնահարցը փակուղի է տանում` դնելով սեղանին Մադրիդյան սկզբունքները` չասելով, որ դրանք բանակցային ձևաչափին առաջարկված մոտեցումներ էին, որոնց շուրջ տեղի էին ունենում քննարկումներ, և դրանցից մեկն ազգերի ինքնորոշման իրավունքն էր»,- ասաց նա` շարունակելով իր կողմից նախանշած մարտահրավերների շարքը:

Նրա խոսքով` մարտահրավեր է նաև այն, որ մոռացվել են 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

«Դրանց համաձայն` այլևս ոչ մի բանակցություն չպետք է լիներ հակամարտող կողմերի միջև, քանի դեռ չլուծվեր ղարաբաղաադրբեջանական սահմանի երկայնքով վերահսկողության սարքավորումների գոյության հարցը: Սակայն դրանք «ջրվեցին» վերելակային դիվանագիտության արդյունքում»,- ասաց նա` նշելով, որ իր նշած մարտահրավերները ոչ միայն պետական ինստիտուտներին, այլ նաև` ժողովրդին են նետված:

Դիտարկմանը, թե այսօրվա իշխանությունները իրենց հաջողությունն են համարում , նոր զինտեխնիկայի ձեռքբերումը, 80-ականների զինտեխնիկայի ձեռքբերման էջի փակումը, Հայկ Նահապետյանը պատասխանեց.

«Սերժ Սարգսյանը 80-ականների զինտեխնիկայի մասին խոսում էր արտաքին սպառման համար: Նա զուգահեռներ էր տանում Ադրբեջանի հետ, որը, զինվելով նոր տեխնիկայով, Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսիա էր ցուցաբերում: Նիկոլ Փաշինյանն ասում է` 80-ական զենքերի էջը փակված է: Ես էլ նրան ասում եմ, որ ինքը նկարվում է 80-ականների զենքի ֆոնի վրա, որոնք ավելի ուշ են արտադրվել: Այսինքն` նա իր դիլետանտությունն է դրսևորում: Նա ընդամենը շոու է անում, նա իր բնույթով դերասան և շոումեն է: Իսկ պատերազմող երկրի համար դա ամենամեծ մարտահրավերն է»,- ասաց նա:

Իր պատկերացմամբ այս իրավիճակում մարտահրավերները հաղթահարելու բանալին ժողովրդի ձեռքում է: «Նա անընդհատ ասում է, որ ունի մեծ լեգիտիմություն: Եթե ժողովրդին այս իրավիճակը ձեռնտու է, թող պտուղները վայելի: Իսկ եթե կարծում են, որ սխալվել են, խաբվել են գեղեցիկ խոստումներին, թող իրենց կեցվածքը փոխեն»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում